Ոչ թե ռազմանավ, այլ մոտորանավակ, ոչ թե Կասպիցում, այլ Պարսից ծոցում, ոչ թե 4000 հատ, այլ 340․ հայկական մեդիայի մոլորությունը․ FIP.am

Հոկտեմբերի 5-ին հայկական մեդիայում տեղեկություններ տարածվեցին Կասպից ծովում Իրանի նավատորմի կողմից անցկացվող վարժանքների մասին։ Yerkir.am կայքը, հղում անելով ռուսալեզու Военное обозрение տելեգրամյան ալիքին, գրեց, որ Իրանը Կասպից ծովի ափին գտնվող հենակետերից մեկում տեղակայել է իր «մոծակների նավատորմը»՝ մինչեւ 4000 արագընթաց նավ՝ ծանր գնդացիրներով:

Նույն օրը 24TV-ի «4000 իրանական նավակներ պատրաստ են գրոհելու Կասպից ծովից» վերտառությամբ հրապարակված հարցազրույցի ժամանակ իրանական «նավատորմի» մասին խոսել էր ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։ 

«…հիմա չորս հազար (իրանական-խմբ.) նավակներ գրոհային, որ բավականին լուրջ ուժ ա, չորս հազար, Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները հաստատեցին, էս պահին Կասպից ծովում ա, պատրաստ գրոհելու։ Չորս հազար, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ թիվ ա»,- ասել էր Նահապետյանը (14:28-ից սկսած)։

Հարկ է նշել, «Փաստերի ստուգման հարթակին» չհաջողվեց գտնել ադրբեջանական որևէ պաշտոնական հայտարարություն կամ աղբյուր, որը կհաստատեր ռազմական փորձագետի պնդումները։

Նահապետյանի այս հայտարարությունը, սակայն, շատ արագ տարածվեց սունկ կայքերի կողմից։ Նման տեղեկություն հաղորդեց նաև «5-րդ ալիքը»՝ հոկտեմբերի 11-ի «Հայլուր» հաղորդման ժամանակ, որտեղ «նավակները» արդեն դարձել էին «ռազմանավեր»։

Մեզ չհաջողվեց այս տեղեկության սկզբնաղբյուր նշվող Военное обозрение տելեգրամյան ալիքում և նույնանուն հայտնի առցանց հրատարակության կայքում նման տեղեկություն գտնել։ Մինչդեռ, նույն անունը կրող Военное обозрение ֆեյսբուքյան էջում և որոշ տելեգրամյան ալիքներում, այնուամենայնիվ, նման տեղեկություն տարածվել էր՝ հոկտեմբերի 5-ին։ Հրապարակումներն ուղեկցվում էին կից տեսանյութով, որտեղ էլ հենց ենթադրաբար ներկայացվում էր Կասպից ծովում իրանական «մոծակների նավատորմը»։

Իրականում, սակայն, այդ տեսանյութը արվել է դեռևս 2021 թ. փետրվարին՝ Իրանի հարավում՝ Պարսից ծոցում գտնվող Բանդար Աբբասի նավահանգստում 340 մոտորանավ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շահագործմանը հանձնելու արարողության ժամանակ, և որևէ կապ չունի Կասպից ծովի հետ։ 

Բացի այդ, առհասարակ, վերջին անգամ Իրանը զորավարժություն Կասպից ծովում անցկացրել է 2021 թ. հուլիսին, որը ստացել էր «Կայուն անվտանգություն. 2021» անվանումը։ Դրանից հետո Կասպից ծովում անցկացվող որևէ զորավարժության մասին հայտարարություն Իրանի կողմից չի արվել, և նման տեղեկություններ չկան իրանական մամուլում։

Այսպիսով, կարող ենք փաստել, որ հայկական մամուլում տարածվող տեղեկությունները, թե Իրանը Կասպից ծովում է տեղակայել 4000 «ռազմանավեր»՝ պատրաստ լինելով գրոհել Ադրբեջանի վրա, չեն համապատասխանում իրականությանը և հիմնված են միմիայն անհայտ տելեգրամյան ալիքների հաղորդած տեղեկությունների վրա։

Փաստերի ստուգման հարթակ