ՇՀԿ-ի երկրների հատուկ ծառայությունները ակտիվացրել են շփումները Աֆղանստանի իրադրության պատճառով

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների հատուկ ծառայություններն ակտիվացրել են շփումները եւ ահաբեկչությանը դիմակայելու վերաբերյալ տեղեկատվության փոխանակությունը Աֆղանստանում ստեղծված իրադրության պատճառով:

Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել են ՇՀԿ-ի Տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցի (ՏՀԱԿ) մամուլի ծառայությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մամուլի ծառայության տվյալներով՝ Տաշքենդում գտնվող ՇՀԿ-ի ՏՀԱԿ-ի գործադիր կոմիտեի կենտրոնակայանում տեղի Է ունեցել կազմակերպության անդամ պետությունների իրազեկ մարմինների հակաահաբեկչական ստորաբաժանումների ղեկավարների խորհրդակցություն:

«Պատվիրակությունների ղեկավարները հանդես են եկել ՇՀԿ-ի անդամ պետությունների՝ Աֆղանստանի իրադրության համատեքստում անվտանգության մարտահրավերների ու սպառնալիքների գնահատմամբ, կարծիքներ են փոխանակել ահաբեկչությանը, անջատողականությանը եւ ծայրահեղականությանը դիմակայելու հրատապ հարցերի շուրջ, ինչպես նաեւ՝ ՇՀԿ-ի անդամ պետությունների իրազեկ մարմինների միջեւ նշված ոլորտում համագործակցության ամրապնդման առաջարկություններով»,-ասել Է ՏՀԱԿ-ի ներկայացուցիչը:

Ավելի վաղ ՇՀԿ-ում Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռախմատուլլա Նուրիմբետովը հայտարարել Է, որ 2021-2022 թվականներին ՇՀԿ-ում հանրապետության ներկայացուցչության գերակայություններից մեկը կդառնա անդամ երկրների համագործակցության ակտիվացումը հակաահաբեկչության ուղղությամբ:

ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն Է, որը հիմնվել Է 2001 թվականին: Այժմ դրա մասնակիցների թվում են՝ Հնդկաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը եւ Ուզբեկստանը: ՇՀԿ-ի դիտորդ երկրների դերում հանդես են գալիս Աֆղանստանը, Բելառուսը, Իրանը եւ Մոնղոլիան, գործընկեր-երկրներն են՝ Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան, Նեպալը, Թուրքիան եւ Շրի Լանկան: Սեպտեմբեր ամսին Դուշանբեում կայացած ՇՀԿ-ի գագաթնաժողովում սկսվել Է Իրանին կազմակերպության մեջ ընդունելու ընթացակարգը: