Կեղծ քաղաքական համակարգն ու կեղծ իրականությունն էլ ինչպե՞ս է լինում․ Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ուղիղ 4 ամիս առաջ տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին Գյումրիում ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 122118 մարդ, որից ընտրություններին մասնակցել է 46 922 ընտրող:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 28.246 ձայն:

Երեկ տեղի ունեցած Գյումրիի ավագանու ընտրություններին ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 109453 մարդ, որից ընտրություններին մասնակցել է 26 468 ընտրող:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 7786 ձայն:

4 ամիս առաջ իշխող կուսակցությունը Գյումրիում ստացել է երեկվա ավագանու ընտրությունների քվեարկության մասնակիցների ընդհանուր թվից ավելի շատ ձայն:

Երեկվա ընտրություններին 4 ամիս առաջ տեղի ունեցած ընտրությունների համեմատ 20454 մարդ չի գնացել ընտրության:

4 ամիս առաջ իշխող կուսակցությունը Գյումրիում ստացել է 28.246 ձայն, երեկ ստացել է 7786 ձայն, այսինքն՝ 20.466 ձայն պակաս:

Սա խոսում է այն մասին, որ մենք ապրում ենք կեղծ իրականության պայմաններում, որում իր մեղքի առանցքային բաժինն ունի գործող կեղծ քաղաքական համակարգը:

Այնպես չէ, որ 4 ամսում արմատական փոփոխություններ են տեղի ունեցել հանրային տրամադրություններում, կամ շոշափելի շրջադարձ է տեղի ունեցել մեր երկրում:

Խնդիրն առավել շատ թաքնված է մեր հանրության ընկալումների և գործող սահմանադրաիրավական կարգավորումների միջև գոյություն ունեցող արմատական տարբերության մեջ:

Մարդիկ այլ ընկալում ունեն թե՛ կուսակցությունների, թե՛ ՏԻՄ համակարգի և թե՛ ողջ քաղաքական համակարգի նկատմամբ, որի կոնկրետ դրսևորումը երեկվա արձանագրված արդյունքն էր:
Գյումրիում արձանագրված արդյունքն ինձ համար կոնկրետ լակմուսի թուղթ է՝ համոզվելու համար, որ ունենք կեղծ քաղաքական համակարգ, որի օգտագործմամբ ձևավորում ենք կեղծ ՏԻՄ համակարգ՝ կուսակցություններին և հանրությանը օգտագործելով որպես գործիք՝ ժողովրդավարության շղարշ ցուցադրելու համար:

Իրականում մեկ անգամ ևս ապացուցվեց, որ ողջ քաղքական համակարգը գտնվում է ինքնախաբեության մեջ, իսկ երկրի խնդիրները շարունակում են մնալ չլուծված:
Մեր երկրում պետք է փոխել խաղի կանոններն այնպես, որ դրանք համահունչ լինեն թե՛ իրական ժողովրդավարությանը, թե՛ մեր ազգային առանձնահատկություններին:
Ժամանակն է դուրս գալ ինքնախաբեության այս իներցիոն ընթացքից:


Հ.Գ. Տարօրինակ է, թե 4 ամսվա ընթացքում ի՞նչ հանգամանքների պայմաններում է Գյումրիում ընտրողների թիվը պակասել 12665 ընտրողով: Չեմ բացառում, որ այս տարբերությունը կարող է պայմանավորված լինել զինծառայողների հանգամանքով, որոնք չեն մասնակցում ՏԻՄ ընտրություններին, հակառակ պարագայում իրավասու մարմինները պարտավոր են ներկայացնել հստակ հիմնավորումներ, թե ո՞րն է այս տարբերության պատճառը»: