Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը Արցախի ԱԳ նախարարի՝ ՌԴ այցի կապակցությամբ դիմել է ռուսական իշխանություններին

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի՝ ՌԴ կատարած այցն անհանգստացրել է Ադրբեջանի իշխանություններին։ Մասնավորապես, ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանությունը Դավիթ Բաբայանի Մոսկվա կատարած այցի կապակցությամբ դիմել է ռուսական իշխանություններին՝ պարզաբանումների համար, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, գրում է Factor.am-ը։

«Ռուսական կողմից ստացված տեղեկատվության համաձայն՝ հաղորդում ենք, որ նշյալ այցը կրել է բացառապես մասնավոր բնույթ, դիտարկվում է որպես ոչ պաշտոնական և որևէ քաղաքական խորհրդակցություններ նշյալ անձի հետ չեն անցկացվել»,- ասվում է դեսպանատան տարածած հայտարարության մեջ։

Նշվում է նաև, թե հայկական լրատվամիջոցներում տարածված «նման տեղեկությունները սադրիչ բնույթ են կրում, որի նպատակն է հասարակական կարծիքը մոլորության մեջ գցել և ստվեր նետել ադրբեջանա-ռուսական հարաբերությունների վրա»։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հոկտեմբերի 6-15-ն աշխատանքային այցով գտնվում էր ՌԴ-ում։ Մոսկվա, Պյատիգորսկ, Սոչի քաղաքներում և Վլադիմիրի շրջանում Բաբայանը հանդիպումներ է ունեցել ՌԴ քաղաքական, հասարակական, գիտակրթական շրջանակների, Ռուսաստանի հայ համայնքի, այդ թվում՝ արցախյան հատվածի և Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ։