Օրվա ընթացքում ԿԳՄՍ-ն հայտարարություն կանի՝ կրթական պրոցեսի հետագա ընթացքի վերաբերյալ. Գեղամ Մելիքբեկյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այսօր կտա հանրության մեծ մասին հուզող հարցի պատասխանը՝ դպրոցներն ու բուհերը կանցնե՞ն հեռավար դասապրոցեսի և որքա՞ն ժամանակով:

«Մենք օրվա ընթացքում այդ մասին տեղեկություն կտարածենք, սպասեք պաշտոնական տեղեկատվությանը»,- «Մեդիալաբին» ասաց ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը:

Մելիքբեկյանը մեզ հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց լուրերը, թե Առողջապահության նախարարությունը հանդես է եկել առաջարկությամբ, որ դպրոցներում արձակուրդները երկարաձգվեն ևս մեկ շաբաթով, իսկ բուհերն անցնեն հեռավար կրթության, այլ հորդորեց սպասել նախարարության հայտարարությանը:

Հավելենք, որ սույն թվականի հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 7-ը Մոսկվայում, համավարակով պայմանավորված, սահմանվելու է նոր լոքդաուն: Կփակվեն ծառայության ոլորտի մի շարք ձեռնարկություններ, դպրոցներում արձակուրդ կլինի:

Հայաստանում ևս կան մարդիկ, որոնք պատկան մարմիններին կոչ են անում փակել դպրոցներն ու բուհերը, նաև ռեստորաններն ու սրճարանները:

Քրիստինե Աղաբեկյան