Ադրբեջանում ոստիկանական բաժանմունքում բռնության ու ծեծի են ենթարկել 44-օրյա պատերազմի մասնակիցներին.Factor

Ադրբեջանում Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցները հերթական անգամ բողոքի ակցիա են անցկացրել, որն ավարտվել է ոստիկանական բաժանմունքում նրանց ծեծով։ Մասնավորապես, Meydan TV-ի հաղորդմամբ, հոկտեմբերի 26-ին պատերազմի մի խումբ մասնակիցներ բողոքի ակցիա են անցկացրել Բաքվում Զիա Բունիաթովի անվան պողոտայում և նույնիսկ փորձել փակել այն։

Ոստիկանները, սակայն, կանխել են։ Բողոքի պատճառը պողոտայի մոտ գտնվող փոքր շուկայի քանդումն ու մարդկանց վտարումն է։ Ըստ ցուցարարների՝ նախօրեին էլ ոստիկանության 17-րդ վարչության աշխատակիցները ներխուժել են տարածք և մոտ 30 հոգու բերման են ենթարկել բաժին։

Նշվում է, որ բաժանմունքում ոստիկանները պատերազմի մասնակիցներին բռնության ու ծեծի են ենթարկել։ Նաև ոմանց ինքնազգացողությունն է վատացել ու տեղափոխել են քաղաքի թիվ 5 հիվանդանոց։

Ի դեպ, այս միջադեպի կադրերը հայտվել են սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում և ակտիվորեն քննարկվում են։ Ադրբեջանի ՆԳ նախարարության մամուլի խոսնակ Էհսան Զահիդովը հերքել է պատերազմի մասնակիցներին ծեծի ենթարկելու մասին լուրերը։

Նա ասել է, որ ցուցարարներին հրավիրել են Նարիմանովի շրջանի ոստիկանության 17-րդ բաժանմունք՝ հողամասի շուրջ ծագած խնդրի պատճառով։ Ըստ ՆԳՆ ներկայացուցչի՝ նրանք անօրինական գործողություններ են կատարել տարածքում, որը բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի անվտանգության գոտում է։

Պատերազմի մասնակիցներն էլ հայտարարում են, թե եկամուտի այլ աղբյուր չունեն և պահանջում են խնդրին լուծում տալ։ Հավելենք, որ պատերազմի մասնակից ադրբեջանցիները հաճախ են դժգոհում իրենց խնդիրների նկատմամբ պետական մարմինների անտարբերությունից։

Նրանք պարբերաբար տարբեր բողոքի ակցիաներ են կազմակերպում պատկան կառույցների, այդ թվում՝ ՊՆ-ի մոտ՝ պահանջելով լուծել իրենց սոցիալական, առողջական ու այլ խնդիրները։

Այս մասին հայտնում է factor.am-ը: