Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը սկսել է Ընթերցանությունը տարրական դպրոցում ծրագիրը

Մեր կարևոր խնդիրներից մեկը երեխաների քիչ կարդալն է, որն էական ազդեցություն է թողնում նրանց զարգացման, գրանցվող կրթական արդյունքի և ֆունկցիոնալ գրագիտության մակարդակի վրա։

Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

«Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը (ԿԶՆԱԿ Հիմնադրամ / NCEDI Foundation) սկսել է Ընթերցանությունը տարրական դպրոցում ծրագիրը։

Ծրագրի շրջանակներում ամեն մարզից ներառվում է հինգ դպրոց։ Այդ դպրոցների ուսուցիչների հետ ԿԶՆԱԿ-ն աշխատում է՝ երեխաների շրջանում ընթերցանությունը խթանելու համար։

Մշակվել են մեթոդական ուղեցույցը, աշխատանքների կազմակերպման քայլերը, անելիքները։

Առաջին վերապատրաստումներն արդեն իրականացվել են Արմավիրի մարզի դպրոցների համար։ Հաջորդը Շիրակի մարզն է»,-ասված է գրառման մեջ։