Թուրքիայում բնակվող հայը վարչական շրջանի ղեկավար դառնալու իրավունք է ստացել

Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչ, փաստաբան Բերք Աջարը հաղթահարել է բոլոր քննությունները և իրավունք ստացել դառնալ վարչական շրջանի ղեկավար (քայմաքամ)։

Քայմաքամը Թուրքիայի կառավարման համակարգում նահանգից հետո մեծությամբ 2-րդ վարչատարածքային միավորի՝ շրջանի (իլչե) ղեկավարն է, որը գործում է նահանգապետի ենթակայության տակ։

Սպասվում է, որ նա առաջիկայում կստանձնի համապատասխան պաշտոնը։ Այս մասին հայտնում է Թուրքիայում հրատարակվող «Ակոս» շաբաթաթերթը։

1995 թվականին Ստամբուլում ծնված Բերք Աջարը կրթություն է ստացել Սահակյան-Նունյան վարժարանում և «Ըշըք» լիցեում։ 2020-ին ավարտել է Ստամբուլի Բիլգի համալսարանի իրավաբանության ֆակուլտետը։ 

Այսպիսով պոլսահայ փաստաբան Բերք Աջարը Թուրքիայի Հանրապետության պատմության ընթացքում կլինի առաջին հայը, որը կզբաղեցնի նման պաշտոն։

Աղբյուր` Agos