Ռոբերտ Քոչարյանի աջակիցների միության հայտարարությունը

Ռոբերտ Քոչարյանի աջակիցների միության հայտարարությունը
Ռոբերտ Քոչարյանի աջակիցների միության հայտարարությունը

Ռոբերտ Քոչարյանի աջակիցների միությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ։

«Սիրելի հայրենակիցներ,

Հայաստանի գործող իշխանությունները, կոպտորեն խախտելով ՀՀ Սահմանա­դրությունը և օրենքները, աննախադեպ մեծ ճնշումներ գործադրելով դատավորների վրա, ոտնահարելով հայության ազգային շահը և պախարակելով մեր նորագույն պատմության փառահեղ էջերը օտարների առաջ, ապօրինի կերպով կալանավորեցին ԼՂՀ պետական պաշտպանության կոմիտեի նախագահ, ղարաբաղյան պատմական հաղթանակների տարիներին Արցախի ղեկավար, ԼՂՀ առաջին նախագահ և Արցախի ազգային հերոս, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչար­յա­նին։

Մենք, Հայաստանի Հանրապետության մի խումբ քաղաքացիներս, գնահատելով տեղի ունեցածը որպես հակազգային ոճիր, պատրաստվում ենք մեր վճռական բողոքի ձայնը բարձրացնել ընդդեմ այս սարսափելի անարդարության։ Ընդդեմ գործող վարչախմբի, որը հետևողական քայլերով փորձում է Հայաստանում միապետական ռեժիմ հաստատել, ինչը հղի է լրջագույն վտանգներով հայկական երկու պետությունների համար։

Մենք պահանջելու ենք անհապաղ ազատել Նախագահ Քոչարյանին և դադարեցնել նրա դեմ իրականացվող անձնական հաշվեհարդարը։ Մենք պահանջելու ենք դադարեցնել բիրտ ճնշումները դատական համակարգի, անկախ լրատվամիջոցների ու խոսքի ազատության վրա, պահանջելու ենք հանցավոր պաշտոնյաների հրաժարականը։

Մենք ազդարարում ենք հանրահավաքային պայքարի փուլի սկիզբ և կոչ ենք անում միանալ մեզ բոլոր նրանց, ում համար թանկ է հայի պատիվը և մեր երեխաների արժանապատիվ ու բարեկեցիկ ապագան։ Հաշվի առնելով, որ այսօր Հայաստանում տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ վաղը, դեկտեմբերի 10-ին, անցնելու է դրանց արդյունքների նախնական ամփոփումը, մենք պիկետների և հանրահավաքների մեկնարկի օր ենք հայտարարում դեկտեմբերի 11-ը։

Միացեք մեզ։

Ազատություն ՆԱԽԱԳԱՀԻՆ նախաձեռնող խումբ»։