Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 10-ին ցավակցական հեռագիր է հղել ԼՂՀ ժողովրդական արտիստուհի Նաիրուհի Ալավերդյանի ընտանիքին:
Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հեռագրում ասված է.
«Սրտի խոր կսկիծով տեղեկացա ԼՂՀ ժողովրդական արտիստուհի, «Ղարաբաղ» էստրադային անսամբլի մեներգչուհի, Արցախի դուստր Նաիրուհի Ալավերդյանի մահվան մասին:
Նաիրուհի Ալավերդյանի մահը մեծ կորուստ է մեր ժողովրդի համար: Իր անզուգական կատարումների միջոցով նա կենդանի էր պահում ու հարստացնում մեր ազգային արվեստը, այն արժանիորեն ներկայացնում աշխարհին՝ վայելելով հանդիսատեսի անսահման սերն ու հարգանքը:
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, մեր ողջ ժողովրդին, նրա բազմահազար երկրպագուներին։
Մեծատաղանդ արցախուհու հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում»: