Լեռնային Ղարաբաղում բացվել է առաջին ուղղափառ եկեղեցին.Factor

Լեռնային Ղարաբաղում՝ մայրաքաղաք Ստեփանակերտի մերձակայքում գտնվող ռուսական ռազմական ավանի տարածքում, բացվել է առաջին ուղղափառ եկեղեցին, գրում է ՏԱՍՍ-ը։ Արարողությանը ներկա են եղել Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Գենադի Անաշկինը։

«Ցավոք, Ղարաբաղում ռուսական ոչ մի եկեղեցի չի պահպանվել, բոլորը բոլշևիկների կողմից ավերվել են խորհրդային տարիներին, այդ պատճառով ի պատիվ Քրիստոսի Ծննդյան տոնի կանգնեցված այս ուղղափառ եկեղեցին սուրբ, պատմական նշանակություն է ձեռք բերում»,- ասել է Ստեփանակերտում ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բոդրովը։

ՏԱՍՍ-ի թղթակիցը հաղորդել է, որ Ստեփանակերտի մերձակայքում գտնվող ռուսական ռազմական ավանի տարածքում բացվել է նաև խաղաղապահի հուշարձան՝ ի պատիվ ռուսական խաղաղապահ զորակազմի՝ Լեռնային Ղարաբաղ մուտքի առաջին տարեդարձի։

Բրոնզաձույլ հուշարձանը պատկերում է «Կալաշնիկով» ինքնաձիգն ուսին խաղաղապահի, որը գրկել է նրան ծաղկեփունջ նվիրող աղջնակի: Հուշարձանի նախատիպը խաղաղապահ առաքելության իրական անդամ է։ Հաղորդվում է, որ նաև ժառանգներին ուղղված ուղերձով «ժամանակի պարկուճի» տեղադրման արարողություն է իրականացվել։

Այս մասին հայտնում է factor.am-ը: