Որքան գումար է ծախսվում կորոնավիրուսով հիվանդների բուժման համար․ FIP.am

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը գրանցվեց 2020 թվականի մարտի 1-ին։ Այսօր արդեն կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերն անցնում են 300 հազարը։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշել է պարզել, թե որքան գումար է ծախսում Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսով վարակված անձանց բուժման համար, քանի բուժհաստատություն է ընդգրկված, ինչպես նաև հասկանալ, թե ինչ եղավ կորոնավիրուսի հաղթահարման գործում առողջապահական համակարգին աջակցելու նպատակով բացված հաշվեհամարը։

Առողջապահության նախարարության ծախսած միջոցները

Կորոնավիրուսային վարակի կանխարգելման, վերահսկման, բուժման համար 2020 թվականի ընթացքում ծախսվել է 26 միլիարդ 492 միլիոն դրամ, իսկ 2021-ի նոյեմբերի 17-ի դրությամբ՝ 20 միլիարդ 450 միլիոն դրամ։ 

Առողջապահության նախարարությունից FIP.am-ին հայտնեցին, որ կորոնավիրուսով հիվանդ մեկ անձի բուժման համար միջինում ծախսվում է 800 հազար դրամ՝ կախված հիվանդի վիճակից։ 

Կորոնավիրուսով հիվանդների սպասարկումն իրականացնող բուժհաստատությունների, վերակենդանացման մահճակալների թվի մասին

Նոյեմբերի 17-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 330,895 դեպք։ Փաստացի բուժում է ստանում 23,856 քաղաքացի։ «Փաստերի ստուգման հարթակի» հարցմանն ի պատասխան Առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ COVID 19-ով հիվանդների բուժման և սպասարկման գործընթացում ընդգրկված է 30 բժշկական կազմակերպություն, իսկ վերակենդանացման մահճակալների թիվը 494 է։ Նշենք, որ նոյեմբերի 17-ի դրությամբ բժշկական օգնություն և սպասարկում է ստանում 466 հիվանդ։

Ինչ եղավ կորոնավիրուսի հաղթահարման համար բացված հաշվեհամարը

Դեռևս 2020 թ․ մարտի 17-ին կորոնավիրուսի հաղթահարման գործում առողջապահական համակարգին աջակցելու նպատակով բացվել էր գանձապետական հաշվեհամար։ FIP.am-ի հարցմանն ի պատասխան, թե որքա՞ն գումար է հավաքվել 2020-ից մինչ օրս, Ֆինանսների նախարարությունից պատասխանել էին, որ 2020-ին գանձապետական հաշվեհամարին մուտքագրվել է մոտ 1 միլիարդ 134 հազար դրամ, իսկ 2021-ին՝ մոտ 170 հազար դրամ։

Այսպիսով, կորոնավիրուսով վարակված մեկ անձի բուժման համար ծախսվում է միջինում 800 հազար դրամ, իսկ կորոնավիրուսով հիվանդների բուժման համար ընդհանուր ծախսվել է 20 միլիարդ 450 միլիոն դրամ։

Փաստերի ստուգման հարթակ