Հայաստանում ստեղծում են առաջին արևային մեքենան ` երկրում արտադրություն հիմնելու երազանքով

Հայաստանում ստեղծում են առաջին արևային մեքենան ` երկրում արտադրություն հիմնելու երազանքով
Հայաստանում ստեղծում են առաջին արևային մեքենան ` երկրում արտադրություն հիմնելու երազանքով

Հայաստանում առաջին արևային մեքենայի ստեղծումը կամավորների և էնտուզիաստների ծրագիր է: Մի բան, որ անում են մասնագիտական հաճույքի համար և երազանքով, որ Հայաստանում կհիմնվի արևային էլեկտրական մեքենաների արտադրություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալն ասաց, որ սա անձնական նախաձեռնություն է, որի նպատակը Հայաստանում արևային տեխնոլոգիաների` հատկապես էլեկտրատրանսպորտի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելն է:

«Առաջին հանդիպումը հետաքրքրված անձանց հետ երկու մասի բաժանեցինք. առաջինը` զրոյից արևային մեքենա նախագծել ու կառուցելն է, երկրորդը` գործող որևէ հին մեքենա ամբողջովին էլեկտրական շարժիչով մեքենա դարձնելը։ Ցանկանում ենք ցույց տալ, որ հնարավոր է գործող մեքենաները փոխել էլեկտրական շարժիչի, հետագայում հույս ունենք, որ այն կդառնա տարածված պրակտիկա Հայաստանում»,-ըստ աղբյուրի նշել է Հայկ Հարությունյանը:

Պաշտոնյայի խոսքով` մյուս կողմից`աշխարհի առաջատար էլեկտրամոբիլ արտադրող ընկերություններն իրենց հիմնական ինժեներներին ու աշխատակիցներին գտնում են այն խմբերից, որոնք մասնակցում են նման միջոցառումների։ Ավստրալիայում կա «Արևային մարտահրավեր» մրցույթը, որը 30 տարուց ավելի գործում է, ու բոլոր համալսարաններն ակտիվ մասնակցում են, յուրաքանչյուր թիմ իր արևային մեքենան է նախագծում: Այդ մեքենաները պետք է 3000 կմ ճանապարհ կարողանան անցնել։ 

«Մենք էլ ենք ուզում այստեղ նմանատիպ բան ստեղծել` հույս ունենալով, որ որոշակի հետաքրքրություն կառաջացնենք մասնագետների շրջանում: Նրանք այդ ուղղությամբ կաշխատեն այն երազանքով, որ Հայաստանում դրվի արևային էլեկտրական մեքենաների արտադրություն»,-ասաց փոխնախարարը: