Հանրային քննարկման է դրվել երեխաների՝ դպրոց ընդունելության, տեղափոխության, ժամկետից ուշ ընդգրկման հարցերը կարգավորող կարգի նոր նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ այդ երեխաների կրթությունը կազմակերպելու և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ դպրոց տեղափոխելու ու ազատելու հարցերը կարգավորող կարգի նախագիծը՝ նոր խմբագրությամբ:

Գործող կարգում առկա որոշ իրավակարգավորումների բացը հաճախ հանգեցնում է խնդրահարույց իրավիճակների, մասնավորապես՝ կապված ազգային փոքրամասնությունների, երկքաղաքացիների, այլ երկրներում ուսումն ընդհատած և ՀՀ վերադարձած սովորողների կրթության իրավունքի իրացման, առաջին դասարան ընդունվող երեխաների` էլեկտրոնային համակարգի միջոցով հաստատությունում հայտագրելու հետ: Առաջարկվող նախագծով փորձ է արվել կարգավորել այդ հարցերը՝ հաշվի առնելով երեխայի շահերը։

Մասնավորապես սահմանվել է.

  • Ազգային փոքրամասնությունների սովորողները հնարավորություն կունենան իրենց ազգային (մայրենի) լեզվով կրթություն ստանալու` անկախ հաստատությունում լիցենզիոն տեղերի սահմանափակումից:
  • Այն բնակավայրերում, որտեղ հաստատությունը տվյալ աստիճանում կրթություն իրականացնող միակ հաստատությունն է, կամ տվյալ համայնքում գործող հաստատություններում տվյալ կրթական աստիճանի համար լիցենզիայով սահմանված բոլոր տեղերը զբաղված են, կիրականացվի սովորողների ընդունելությունը հաստատություն՝ անկախ լիցենզիոն տեղերի սահմանափակումից:
  • Հաստատությունների տնօրենները հնարավորություն կստանան մինչև տվյալ տարվա մայիսի 20-ը դիմելու կրթության կառավարման պետական լիազոր մարմնին՝ տարրական աստիճանի լիցենզիոն տեղերի վերաբաշխման առաջարկով և առաջին դասարանի ընդունելության տեղերի հատկացման նպատակով: Կկարգավորվեն պարբերաբար հանդիպող խնդրահարույց իրավիճակները՝ հաստատություններում առաջին դասարանցիների ընդունելության ժամանակ սովորողների թվաքանակի հետ կապված:
  • Օտար լեզվով ուսուցման իրավունք ունեցող երեխաների ընդունելությունը կիրականացվի առանձին էջի միջոցով և սահմանված ժամկետում՝ խուսափելով այն դեպքերից, երբ օտար լեզվով ուսուցման իրավունք չունեցող երեխային գրանցում էին այդ լեզվով ուսուցման տեղում։
  • Առաջին դասարանցիների ընդունելության ժամանակ կհեշտացվի երկյակ, եռյակ և ավելի երեխաների հայտագրումը. նրանցից մեկին հայտագրելու դեպքում մյուսը կամ մյուսները կհամարվեն հայտագրված։
  • Գործող իրավակարգավորմամբ՝ առաջին դասարանցիների հայտագրումը սկսվում է յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ից: Նախագծով՝ առաջարկվում է սովորողի ընդունելությունը հաստատության առաջին դասարան մեկնարկել յուրաքանչյուր տարվա ուսումնական պլանով նախատեսված ուսումնական գործընթացի ավարտից երկու շաբաթ հետո՝ առաջին երկուշաբթի օրը:
  • Նախագծի ընդունմամբ կկարգավորվեն կրթությունից դուրս մնացած երեխաների, ինչպես նաև կրթական որևէ աստիճանում ուսումն ընդհատած սովորողներին հանրակրթության մեջ ներառելու հարցերը: Հաշվի առնելով երեխայի լավագույն շահը` նախագծի ընդունմամբ կգործի նոր դրույթ այն սովորողների համար, որոնք, կրթության վերաբերյալ փաստաթղթերի համաձայն, փոխադրվել են հաջորդ դասարան և ինչ-ինչ պատճառներով ուսումնական տարվա առաջին կիսամյակում ընդհատել ուսումը: Հաջորդ դասարան փոխադրված և ուսումնական տարվա առաջին կիսամյակում ուսումն ընդհատած սովորողը մինչև ուսումնական տարվա առաջին կիսամյակի ավարտը դպրոց դիմելու դեպքում հնարավորություն կստանա ուսումը շարունակելու համապատասխան դասարանում` պայմանով, որ առաջին կիսամյակի և տարեկան գնահատականները որոշվելու են ուսումնական տարվա ավարտին, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով՝ 120-200 ժամ բացակայած սովորողի համար նախատեսված լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների միջոցով, որոնց արդյունքների վերաբերյալ նախարարությունը կարող է իրականացնել մոնիթորինգ:
  • 16 տարին լրացած կամ տվյալ տարում լրացող և հիմնական կրթության վկայական չունեցող երեխաների համար հստակեցվել է հիմնական կրթության վկայականը էքստեռն կարգով ստանալու և կրթությունը շարունակելու պայմանը։ Հստակեցվել են նաև ժամկետները։

Հավելենք, որ քաղաքացիները և շահառու խմբերը մինչև դեկտեմբերի 8-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: