Տիգրան Խաչատրյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի ներկայացուցիչներին

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային տնօրեն Իվանա Ֆերնանդես Դուարտեին, ՄՖԿ Հայաստանի գրասենյակի ղեկավար Արման Բարխուդարյանին եւ ՄՖԿ «Հայաստանում տնտեսական աճ» ծրագրի ղեկավար Արսեն Նազարյանին:  

Ողջունելով հյուրերին` նախարար Խաչատրյանը բարձր է գնահատել Միջազգային ֆինանսական կորպորացիայի ներգրավվածությունը Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերում։ Որպես առանցքային ուղղություններ՝ նախարարն առանձնացրել է կապիտալի շուկայի զարգացումը, մասնավոր հատվածի հետ իրականացվող ծրագրերը, այլընտրանքային էներգետիկան, պետություն-մասնավոր համագործակցությունը, ՓՄՁ զարգացումը եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտը:

Իվանա Ֆերնանդես Դուարտեն շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար եւ նշել, որ այս պաշտոնում սա իր առաջին այցն է Հայաստան, եւ ներկայում քննարկվում են կառավարության նախանշած բարեփոխումներին ՄՖԿ հնարավոր մասնակցության ձեւաչափերը: Տիկին Դուարտեն եւս կարեւորել է ՀՀ կառավարության հետ համագործակցությունը՝ նշելով, որ ՄՖԿ-ն  առաջնային է համարում Հայաստանում ֆինանսական հատվածի, կայուն էներգետիկայի եւ ներդրումային միջավայրի կանոնակարգման դաշտի պարզեցմանն ուղղված քայլերը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարություն – Միջազգային ֆինանսական կորպորացիա համագործակցության ընթացքին եւ հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: