Սայաթ Շիրինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվեց․ Factor.am

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշում կայացրեց բավարարել ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Սայաթ Շիրինյանի պաշտպան Բենիկ Գալստյանի միջնորդությունը և Շիրինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը վերացնել, գրում է Factor.am-ը։

Միջնորդության հիմքում պաշտպանը շեշտել էր, որ քրեական գործի նախաքննության ողջ ընթացքում Շիրինյանը դրսևորել է պատշաճ վարքագիծ, բացի այդ առաջադրված մեղադրանքը ծանր հանցանք չի համարվում.

«Անիրատեսական է այն հանգամանքը, որ իր դեմ ցուցմունք տված անձի նկատմամբ Սայաթ Շիրինյանը կարող է որևէ ազդեցություն ունենալ` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ցուցմունք տվողը ոստիկանության բարձրաստիճան անձ է»,- նշեց Գալստյանը։

Կես ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո՝ դատավոր Գրիգորյանը բավարարեց միջնորդությունը։

Հիշեցնենք՝ Սայաթ Շիրինյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 226.2-րդ հոդվածի 1-ին մասով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: