«ԵՄ առաքելության ներկայության չարաշահումը վտանգավոր է երկխոսության մեխանիզմների համար»․ Բաքվի արձագանքը.«Ազատություն»

«ԵՄ առաքելության առկայությունը չպետք է օգտագործվի՝ խաթարելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ներառյալ սահմանների սահմանազատման գործընթացը, որը պետք է իրականացվի երկկողմանի հիմունքներով»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունն՝ արձագանքելով Հայաստանի տարածքում ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) ստեղծմանը։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Նշելով,թե «ԵՄ ներկայացուցիչների հետ տարբեր մակարդակներում անցկացված մի շարք խորհրդակցությունների ընթացքում Ադրբեջանը հայտարարել է, որ ԵՄ առաքելության ներկայությունը Հայաստանում չպետք է պատրվակ ծառայի Երևանի համար՝ խուսափելու իր պարտավորությունների կատարումից», Ադրբեջանի արտգործնախարարությունն ընդգծել է՝ «ԵՄ առաքելության ներկայության չարաշահումը վտանգավոր է գոյություն ունեցող երկխոսության մեխանիզմների համար, և դրանից պետք է խուսափել»։

«Ադրբեջանական կողմն ակնկալում է, որ ԵՄ առաքելության մեկնարկը քննարկելիս առավելագույն ուշադրություն կդարձվի անցյալի փորձից անհրաժեշտ դասեր քաղելուն»,- ասված է հայտարարությունում։

Ըստ Բաքվի, EUMA-ի տեղակայումը պետք է ապահովվի համապատասխան ձևով՝ «հաշվի առնելով Ադրբեջանի օրինական շահերը՝ այս առաքելության գործունեության իրականացումը չպետք է խաթարի փոխադարձ վստահությունը»։

Ընդգծելով, որ 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած հանդիպմանը Ադրբեջանը համաձայնել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելություն տեղակայելուն՝ հուսալով, որ դա կօգնի Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է՝ սակայն, «դիտորդական առաքելության գործունեությունն ուղեկցվել է լուրջ շեղումներով Պրահայում ձեռք բերված պայմանավորվածություններից՝ ԵՄ որոշ անդամ երկրների կողմնակալ մոտեցման պատճառով»։

ԵՄ խորհուրդը երեկ համաձայնություն է տվել Հայաստանի տարածքում քաղաքացիական առաքելության (EUMA) ստեղծմանը։ Ըստ ԵՄ-ի՝ քաղաքացիական առաքելությունը կանոնավոր հիմունքների վրա պարեկություն կիրականացնի՝ տեղեկություններ հաղորդելով իրավիճակի մասին, նաև կաջակցի ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացին։ Առաքելությանը երկու տարվա մանդատ է տրված։