Զվարթնոց օդանավակայանում վայրէջք կատարեց Հալեպ-Երևան-Հալեպ չվերթով ժամանած առաջին օդանավը

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց Cham Wings ավիաընկերության օդանավը ՝ մեկնարկելով Հալեպ-Երևան-Հալեպ երթուղով չվերթը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ավիաընկերության օդանավը դիմավորեցին ջրային կամարով: ՀՀ-ում Սիրիայի դեսպան Մոհամմադ Հաջ Իբրահիմը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս թռիչքը մի ժամանակ առաջ էր որոշվել, սակայն, լոգիստիկ հարցերից ելնելով, հետաձգվեց: «Հիմա երբ ամեն բան կարգավորվեց, որոշվեց իրականացնել այս չվերթը»,- ասաց դեսպանը:

Հայաստանում Cham Wings-ի ներկայացուցիչ և գլխավոր տնօրեն Վաչե Փիլիպոսյանը նշեց, որ Երևան ժամանած ինքնաթիռը տեղափոխել է 147 ուղևոր: Նա հայտնեց, որ այս պահին ընկերությունը պլանավորում է շաբաթական մեկ չվերթ իրականացնել Հալեպ-Երևան-Հալեպ ուղղությամբ:

Առաջին չվերթով ժամանած ուղևորներից մեկը՝ Անի Մելքոնյանը նշեց, որ ուրախ էր սիրիական ավիաընկերության օդանավով ժամանել հայրենիք: «Մեկ տարի առաջ էի վերջին անգամ Հայաստանում եղել, ուրախ եմ կրկին հայրենիքում լինելու համար»,- նշեց Անին:

«Զվարթնոց» օդանավակայանի հանրային կապերի պատասանատու Սաթենիկ Հովհաննիսյանը շնորհավորեց ավիաընկերությանը նոր երթուղի բացելու, նոր երթուղու մեկնարկի կապակցությամբ: «Կարծում ենք, որ սիրիահայերի և հատկապես հալեպահայերի համար սպասված և կարևոր երթուղի կլինի: Ցանկանում ենք, որ ավիաընկերությանը երկարատև և արդյունավետ, անվտանգ չվերթների իրականացնի: Կարծում ենք, որ սա կարևոր կամուրջ կլինի Հայաստանի և Սիրիայի միջև»,- ասաց Հովհաննիսյանը: