«Այն գործիչները, ովքեր այսօր գովում են Սերժ Սարգսյանին, եթե իմանան, որ նա չի լինելու վարչապետ, կարող են խուսափել նրանից». Արմեն Բադալյան

«Այն գործիչները, ովքեր այսօր գովում են Սերժ Սարգսյանին, եթե իմանան, որ նա չի լինելու վարչապետ, կարող են խուսափել նրանից». Արմեն Բադալյան
«Այն գործիչները, ովքեր այսօր գովում են Սերժ Սարգսյանին, եթե իմանան, որ նա չի լինելու վարչապետ, կարող են խուսափել նրանից». Արմեն Բադալյան

Սերժ Սարգսյանի՝ 2018 թվականին վարչապետ լինելու հարցն այս փուլում սրվել է, քանի որ դեռ հստակություն չկա, թե ով է իրականում լինելու վարչապետ: Հայաստանում այսօր ոչ ոք չգիտի, թե 2018-ին ով է ղեկավարելու երկիրը: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը:

Այսօր Սերժ Սարգսյանի՝ վարչապետ լինելու թեման ակտիվացրել են հատկապես ՀՀԿ-ական գործիչները: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր. «Անկախ նրանից, թե ով կլինի վարչապետ, 2018-ին գործ եք ունենալու Սերժ Սարգսյանի հետ»: ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանն էլ ասել էր, որ մեր ազգը պետք է ընդունի, որ առաջիկայում նորից Սերժ Սարգսյանը պիտի ղեկավարի երկիրը:

«Այդ քննարկումներն ակտիվացնում են, հույս ունենալով, թե այդ ակտիվացումը կարող է նպաստել գործող նախագահի՝ վարչապետ դառնալու գործընթացին: Դա, իհարկե, իրականությանը չի համապատասխանում, որովհետև այստեղ մի քանի տարբերակ կա. հնարավոր է` գործող նախագահը լինի վարչապետ, հնարավոր է` գործող վարչապետը շարունակի լինել վարչապետ, իսկ գործող նախագահը կարող է լայն լիազորություններով զբաղեցնել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: Մյուս տարբերակն այն է, որ լրիվ ուրիշ մարդ կարող է վարչապետ լինել»,- «Մեդիալաբին» ասում է Արմեն Բադալյանը:

Նրա խոսքով՝ վարչապետի պաշտոնի հարցը կարող է երկու տարբերակով լուծվել:
Ընդհանրապես վարչապետ նշանակում են երկրի ներսից կամ դրսից: Ներսից է նշանակվում, եթե երկիրը ժողովրդավարական երկիր է, ընտրությունների միջոցով կուսակցությունը ձևավորում է իշխանություն և նշանակում վարչապետ:

«Հայաստանում, իհարկե, այդպես չէ, որովհետև հասարակությունը չի ձևավորում Ազգային ժողովը: Մյուս տարբերակն այն է, որ կա քաղաքական համակարգ, երկիրն ինքնիշխան է և ինքն է որոշում, թե ով պետք է լինի իր վարչապետը: Այս պահի դրությամբ կարող ենք ասել՝ քանի որ Հայաստանն ինքնիշխան երկիր չէ, երկրի ներսից վարչապետ ընտրելու տարբերակը բացառվում է»,- նկատում է Արմեն Բադալյանը:

Ըստ մասնագետի՝ այս պայմաններում առաջին պլան է մղվում դրսից վարչապետ նշանակելու հարցը: Դուրս ասելով, նրա պարզաբանմամբ, պետք է հասկանալ թե´ Ռուսաստանը և թե´ Արևմուտքը:

«Այսօր, ճիշտ է, Ռուսաստանի դիրքերն ավելի ամուր են, բայց քանի որ հաջորդ տարի սկսվում է արտաքին պարտքը մարելու ժամանակաշրջանը, պետք է մեծ ծավալի պետական պարտք մարվի, հնարավոր է` Արևմուտքը դա օգտագործի՝ Հայաստանի իշխանության ձևավորման գործընթացի վրա իր ազդեցությունն ունենալու համար»,- նշեց նա:

Արմեն Բադալյանի համոզմամբ՝ 2018-ի համար վերոնշյալ տարբերակներն են գործելու: Պարզապես կա մեկ հոգեբանական գործոն, որը կապված է ակտիվացված քննարկումների հետ: Այն գործիչները, ովքեր այսօր գովում են Սերժ Սարգսյանին, եթե իմանան, որ նա չի լինելու վարչապետ, կարող են խուսափել նրանից:

«Դեռևս իշխող քաղաքական համակարգը ենթադրում է, թե գործող նախագահը կարող է լինել վարչապետ: Բայց այն պահից, երբ իշխող քաղաքական այս համակարգը, նրանք, ում երկրում պատկանում է իշխանությունը, զգացին, որ գործող նախագահը չի կարողանում 100-տոկոսանոց հաստատակամությամբ վարչապետ դառնալու այդ գործընթացն իրականացնել, նրա նկատմամբ կսկսվի որոշակի քաղաքականություն, կսկսեն խուսափել նրանից, մտածելով, որ միգուցե նա չդառնա վարչապետ: Կմտածեն` հիմա իրենք կարող են աջակցել Սերժ Սարգսյանին, բայց երբ մեկ ուրիշը դառնա վարչապետ, հետո այդ ուրիշն իրենցից վրեժ կլուծի: Եվ որքան աշունը մոտենա, այնքան Հայաստանի իշխող քաղաքական համակարգի մոտ գործող նախագահի նկատմամբ ունեցած այդ անպարտելի, ամենազոր լինելու պատկերացումը կսկսի շատ արագ մաշվել»,- ասում է մասնագետը:

Արմեն Բադալյանն անդրադառնում է նաև այս հարցում ընդդիմության կեցվածքին: Ընդդիմադիր գործիչներն արդեն իրենց դիրքորոշումն են արտահայտում 2018-ին վարչապետի պաշտոնի թեկնածուի վերաբերյալ: Մասնավորապես, «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը լրագրողներին ասել էր, որ լավ կլիներ, եթե 2018-ին Սերժ Սարգսյանը լիներ վարչապետ:

«Եթե պիտի այսպես շարունակական երկու տարին մեկ վարչապետ փոխվի, ոչ մեկ ժողովրդի ու պետության առաջ պատասխանատվություն չկրի, ավելի ճիշտ կլինի` թող Սերժ Սարգսյանը լինի, որ վերջ դրվի էս ամեն ինչին՝ շարունակական վարչապետերի փոփոխությանը: Վերջին տարիներին միշտ իրավիճակ է ձևավորվել հանրապետությունում, որ պիտի փոփոխություն լինի կամ ինչ-որ հարցի լուծում, դրել են, վարչապետ են փոխել: Իսկ Սերժ Սարգսյանի դեպքում ինքն իրեն չի կարող փոխել»,- ասել էր Սասուն Միքայելյանը:

Հարցին` հնարավո՞ր է, որ ընդդիմադիր ուժերը հաշտվեն այն իրողության հետ, որ Սերժ Սարգսյանը պետք է վարչապետ լինի, և ի՞նչ սպասել առաջիկայում ընդդիմությունից, Արմեն Բադալյանը պատասխանեց, որ ընդդիմությունն իր շանսը բաց է թողել.

«Ընդդիմադիր ուժերը կհաշտվե՞ն ստեղծված իրավիճակի հետ, թե՞ չեն հաշտվի` որևէ նշանակություն չունի, որովհետև եթե գործող նախագահը կարողանա այդ գործը գլուխ բերել ու դառնալ վարչապետ, ապա անկախ այն բանից` ընդդիմադիր ուժերը կհամաձայնե՞ն, թե՞ ոչ, դա որևէ ազդեցություն չի ունենա գործընթացի վրա»:

Նրա դիտարկմամբ՝ ընդդիմադիրներն այս հարցում այլևս ոչինչ չեն կարող անել, որովհետև 10 տարի ժամանակ ունեին ինչ-որ բան անելու:

«Եթե նրանք 10 տարում ոչինչ չարեցին, այսօր, երբ ընդամենը մի քանի ամիս է մնացել այդ հարցի լուծմանը, ընդհանրապես ոչինչ չեն կարող անել»,- հավելեց Արմեն Բադալյանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am