Անվտանգ, անխափան ուղևորափոխադրում. Երևանի մետրոպոլիտենի ղեկավարն անդրադարձել է կառույցի անցած ուղուն

Հեղինակ MediaLab

Երևանի մետրոպոլիտենի 40 տարվա գործունեության գլխավոր ձեռքբերումներից է անվտանգ ու անխափան ուղևորափոխադրումներ կազմակերպելը: «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց Կարեն Դեմիրճյանի անվան «Երևանի Մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրենի ժ/պ Գևորգ Ավետիսյանը:

«Ես կառանձնացնեի նաև մեր աշխատակիցների միահամուռ և սրտացավ աշխատանքը: Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր աշխատակիցներին, որոնց ջանքերի շնորհիվ մենք այսօր մետրոպոլիտենում ունենք անխափան երթևեկություն: Նաև շնորհակալություն եմ հայտնում այն ժամանակի համար, որ մեր աշխատակիցներն անշահախնդիր տվել են մետրոպոլիտենին»,-ասաց Գևորգ Ավետիսյանը:

1966-1970 թվականներին Երևանի համար ամենահրատապ հարցերից էր մարդատար տրանսպորտի շուտափույթ կարգավորումը: Խնդիրը կապված էր այդ տարիներին բնակչության աճի աննախադեպ տեմպով: Մշակված Երևանի նոր հատակագծի համաձայն՝ մետրոպոլիտենի միջոցով բնակչության տրանսպորտային սպասարկումն ամենաարդյունավետն էր դիտվում և համապատասխանում էր մայրաքաղաքի զարգացման հեռանկարին: 1971 թվականին ստացվեց ստորգետնյա արագընթաց տրամվայի շինարարության թույլտվությունը, ապա 1977 թվականին նաև համաձայնություն տրվեց, որ այն վերափոխվի մետրոպոլիտենի շինարարության: Նախ` սկսեցին աշխատել նախագծողները, ապա՝ նաև շինարարները: 1981 թվականի մարտի 7-ին տեղի ունեցավ Երևանի մետրոպոլիտենի բացման հանդիսավոր արարողությունը: Ներկայում մետրոպոլիտենն ունի ավելի քան 12 կմ ընդհանուր շահագործվող երկարության գիծ, 10 կայարան: 2010 թվականին ստորագրվեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի միջև համաձայնագիր: Դրանով սկիզբ դրվեց «Երևանի մետրոյի վերականգնման ծրագրին», որին միացան Եվրոպական ներդրումային բանկը և Եվրամիության հարևանության աջակցության ծրագիրը:

«Աշխատանքները բաղկացած են մի քանի փուլից: Առաջին փոլով աշխատանքներն ավարտված են, երկրորդ փուլն ընթացքի մեջ է:  Առաջին փուլի ժամանակ արդիականացվել են շարժակազմերը, ստեղծվել է վագոնների լվացման կենտրոն, մեքենավարների կենտրոն, կատարվել են նման այլ ներդրումներ: Երկրորդ փուլի աշխատանքները վերաբերում են դրենաժային թունելին ստորջրյա ջրերի հեռացմանը»,-ասաց Գևորգ Ավետիսյանը:

Երևանի մետրոպոլիտենի շարժակազմի հետ կապված կան բազմաթիվ խնդիրներ: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանը նշեց, որ դրանք իրենց ամենօրյա ուշադրության կենտրոնում են:  Նա ընդգծեց, որ այն սարքավորումները, համակարգերը, որոնք իրենք իրենց սպառել են պետք է փոխարինվեն նորերով: Շատ դեպքերում որպես սարքավորումներ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն իսկ արտադրությունից դուրս են եկել, սպասարկող անձնակազմի համար առաջացնում են խնդիրներ: Չնայած դժվարություններին, գնացքները գիծ դուրս գալուց առաջ հմուտ մասնագետների կողմից ենթարկվում են տեխնիկական զննման: