«Զապ Լենինականսկի» մականվամբ անձին մեղադրանք է առաջադրվել՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության, ինչպես նաև ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր   վարչության կողմից համատեղ իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու դեպքի հանգամանքները: 

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը՝ «Զապ Լենինականսկի» մականվամբ հայտնի «օրենքով գողը», 2020թ. փետրվարի 22-ից սկսած ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբա­վորում՝ դրա կողմից հետապնդվող նպատակների իրականաց­մանն ուղղված գործողություններ կատարելու, մասնավորապես՝ իր անօրինական ազդեցությունն օգտագործելով, մասնավոր հարցին առնչվող խնդիրը լուծելու համար քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ հանդիսացող անձանց տալով հանձնարարություններ:

Մասնավորապես, վերջինս, տեղեկանալով, որ ոմն Սայաթ անունով անձը, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, «քրեական հեղինակություն» համարվող մեկ այլ անձի կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամի կողմից 2020թ. հուլիսի 11-ին տեղափոխվել  և պահվում է Կոտայքի մարզի Գառնի համայնքում,  վերջիններիս միջև գումարային հարցերի շուրջ առաջացած վեճը անօրինական ազդեցությունն օգտագործելով  լուծելու համար՝ «Զապ Լենինականսկի» մականվամբ հայտնի «օրենքով գողը ինքնությունը չպարզված անձին հանձնարարել է այդ վեճը լուծելու մասին իր «որոշումը»՝ դադարեցնել պարզաբանումները ոմն Սայաթի հետ և վերջինիս բաց թողնել՝ հետագայում նշված խնդիրը լուծելու նպատակով, փոխանցել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող  վերոնշյալ անձին: Ինքնությունը չպարզված անձը, 2020թ. հուլիսի 12-ին կապ հաստատելով վերջինիս հետ, նրան է փոխանցել  «Զապ Լենինականսկի» մականվամբ հայտնի «օրենքով գողի» հանձնարարությունը:

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, վերոնշյալ անձը, կրելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման վարքագծի կանոնները, 2020թ. հուլիսի 12-ին կապ է հաստատել իր կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման նշված անդամի հետ և հրահանգել է ոմն Սայաթին տեղափոխել իր մոտ:

Նշված խմբավորման անդամը կատարել է  հանձնարարությունը   և  նույն օրը ոմն Սայաթին տեղափոխել աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող վերոնշյալ անձի մոտ: Վերջինս, կատարելով «Զապ Լենինականսկի» մականվամբ հայտնի «օրենքով գողի» հանձնարարությունը, ոմն Սայաթի հետ տեղի ունեցած խոսակցությունից հետո բաց է թողել նրան և այդ մասին հայտնել գործով ինքնությունը չպարզված անձին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Զապ Լենինականսկի» մականվամբ հայտնի քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի (քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը) 2-րդ մասի 5-րդ կետով: Վերջինս կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

ՀԿԳ