ԱԺ հանձնաժողովը քննարկում է ՄԻՊ-ի պաշտոնում Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելու հարցը

Հայաստանի Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելու հարցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանձնաժողովի նիստում Քրիստինե Գրիգորյանին ներկայացրեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

Վարդանյանը ներկայացրեց Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը՝ նշելով, որ Գրիգորյանն ունի գրեթե 12 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ՝ հիմնականում պետական մարմիններում: «Մենք գիտենք Քրիստինե Գրիգորյանի սկզբունքները մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Երկար տարիների լուրջ մասնագիտական փորձառություն ունի հատկապես այն ոլորտներում, որոնք վերաբերվում են  օմբուդսմենի ինստիտուտի գործունեությանը: Արդարադատության փոխնախարարի պաշտոնում նա հիմնականում զբաղվել է այն հարցերով, որոնք վերաբերվում են մեր միջազգային փոխգործակցությանը, և, մասնավորապես միջազգային իրավական ոլորտի համակարգմանը, որոնք վերաբերվում են, մասնավորապես, մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի ստանձնած հանձնառությունների կատարումը: Եվ ընդհանրապես Քրիստինե Գրիգորյանի կենսագրությունը վկայում է, որ նա մշտապես եղել է և մնում է մարդու իրավունքների պաշտպանության ջատագով»,- ասաց Վարդանյանը:

Քրիստինե Գրիգորյանը զբաղեցնում է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: