Լրատվամիջոցները չեն ազատվի պատասխանատվությունից ֆեյքերին հղում անելու դեպքում․ ՔՊ-ն՝ որոշման մասին

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Զանգվածային լրատվության մասին օրենքում, Քաղաքացիական և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը։ Այս մասին ասվում է ՔՊ խմբակցության ֆեյսբուքյան էջում արված հրապարակման մեջ։

Ըստ առաջարկվող նախագծի` լրատվամիջոցները չեն ազատվի պատասխանատվությունից ֆեյքերին հղում անելու դեպքում։

ԶԼ մասին օրենքով սահմանվում է «չնույնականացվող աղբյուր» հասկացությունը, լրատվական գործունեություն իրականացնողը չի ազատվում տեղեկատվության տարածման համար պատասխանատվությունից, եթե այն չնույնականացվող աղբյուրի տարածած տեղեկատվության վերարտադրությունն է՝ անկախ այդ չնույնականացվող աղբյուրին հղում կատարելու հանգամանքից, սահմանվում է նույնականացման տվյալների ցանկ, որոնք պարտադիր են լրատվական գործունեություն իրականացնողների համար (չներկայացնելու դեպքում՝ վարչական տույժ), վերախմբագրվել է ֆինանսական թափանցիկության մասին հաշվետվության հոդվածը՝ հստակեցնելով ֆինանսավորման աղբյուրները և հաշվետվության ձևը (չներկայացնելու դեպքում՝ վարչական տույժ), նույնականացման տվյալների բացակայության և հաշվետվության հրապարակման պահանջի չկատարման դեպքում լրագրողի հավատարմագրումը պետական մարմիններում ենթակա է մերժման։

Օրենքն ուժի մեջ կմտնի 2022 թվականի հունվարի 1-ից։ Չնույնականացվող աղբյուրների սահմանումը նորություն է ոչ միայն ներհայաստանյան օրենսդրության մեջ, այլեւ միջազգային պրակտիկայում, ինչը կօգնի ապօրինի տեղեկատվության դեմ պայքարի գործում։