Լավրովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում իր աջակցությունն է հայտնել Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳ նախարարությունը։

Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները հեռախոսազրույցում քննարկել են հանդիպման «3+3» ձևաչափը և պայմանավորվել են առաջիկայում նախապատրաստել այս ձևաչափի հաջորդ հանդիպումը։

Կողմերն անդրադարձել են նաև Ղազախստանում տեղի ունեցող զարգացումներին։ Նրանք իրենց աջակցություն են հայտնել սահմանադրական կարգը վերականգնելու՝ Ղազախստանի ղեկավարության ջանքերին։

Դեկտեմբերի 14-ին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը տեղեկացրել էր, որ Հայաստանը և Թուրքիան երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկխոսության համար հատուկ ներկայացուցիչներ են նշանակելու: Դեկտեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի հետ երկխոսության համար թուրքական կողմից հատուկ բանագնաց էր նշանակվել Միացյալ Նահանգներում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը: Դեկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը հայտնեց, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի կունենա հունվարի 14-ին, Մոսկվայում: