Հունվարի 6-ին մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագ մատուցեց Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում:
Այդ մասին հայտնում են Մայր Աթոռից։
Հայրապետական խաչվառազարդ թափորը «Խորհուրդ խորին» շարականի հանդիսավոր երգեցողության ներքո Ամենայն Հայոց Կաթողիկոսին Սուրբ Տրդատի մատուռից առաջնորդեց դեպի խորան։
Սուրբ Պատարագին որպես առընթերականեր սպասավորում էին Մայր Աթոռի լուսարարապետ և վանական խորհրդի ատենապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն ու ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան և Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը։ Սուրբ Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ» հրեշտակաբարբառ ավետիսով ողջունեց աշխարհասփյուռ հայությանը և տոնի առիթով հղեց իր պատգամը: