Վարչապետի աշխատակազմը որոշ դրվագներ է բացահայտել ղարաբաղյան դռնփակ բանակցություններից և 2016-ի առաջարկներից․ «Ազատություն»

Հայաստանի վարչապետի աշխատակազմը՝ «Ազատության» հարցմանն ի պատասխան, որոշ դրվագներ է բացահայտել ղարաբաղյան հարցով Մինսկի խմբի կողմից 2016-ին ներկայացված առաջարկներից և դռնփակ բանակցություններից․ բուն փաստաթղթերը, սակայն, որոնց հղում է անում Փաշինյանը, կառավարությունը չի գաղտնազերծել։

«Ազատությունը» դիմել էր կառավարությանը, երբ Փաշինյանը անցած տարեվերջի ասուլիսում պնդել էր, թե 2016-ին ներկայացված առաջարկությունների երեք փաթեթներում էլ չի եղել Արցախի միջանկյալ կարգավիճակի մասին որևէ նշում։

Հիշեցնելով, որ մինչ այդ՝ 2020 թվականի հունվարի ասուլիսում վարչապետը այլ բան էր ասել, մասնավորապես՝ թե Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգության համաձայն, Լեռնային Ղարաբաղը օժտվելու էր ժամանակավոր կարգավիճակով, «Ազատությունը» խնդրել էր հստակություն մտցնել։ Վարչապետի աշխատակազմից արձագանքել են՝ Ղարաբաղի միջանկյալ կամ ժամանակավոր կարգավիճակի թեման (այս և հետագա ընդգծումները «Ազատությանն» են) 2007-ից՝ Մադրիդյան հայտնի սկզբունքների շրջանառումից հետո, միշտ եղել է բանակցային գործընթացում, սակայն 2016թ. ներկայացված երեք փաստաթղթերում՝ մինչ ապրիլյան պատերազմը, հուլիսին և օգոստոսին, «Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ/ժամանակավոր կարգավիճակ» նախադասությունը բացակայել է։ Կառավարությունը միաժամանակ փաստում է, որ թեև բուն ձևակերպումը չի եղել, սակայն եղել են միջանկյալ/ժամանակավոր կարգավիճակի որոշակի ատրիբուտներ, որոնք պետք է հաստատվեին «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից, և դա պետք է դառնար ԼՂ ճանաչված կարգավիճակը՝ մինչև վերջնական կարգավիճակի ճշգրտումը»։

Ինչո՞ւ է Փաշինյանը վստահ, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն անխուսափելիորեն կքվեարկեր Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու օգտին Վարչապետի գրասենյակը վերստին ընդգծում է՝ հենց սա է Նիկոլ Փաշինյանը համարել աղետ․ «որովհետև ԼՂ կարգավիճակի հարցը հայտնվելու էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի տիրույթում, իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այս հարցում որոշումներ կայացնելիս չէր կարող չհիմնվել ԼՂ հակամարտության հարցով նախկինում իր իսկ կայացրած որոշումների վրա»։ Ակնհայտ և անառարկելի որակելով այդ պնդումը՝ կառավարությունը որպես հիմնավորում մեջբերում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թվականի չորս բանաձևերից վերջինը, ուր ոչ միայն առկա է «Ադրբեջանական Հանրապետության լեռնային-ղարաբաղյան տարածաշրջան» ձևակերպումը, այլև՝ հաստատվում էր Ադրբեջանի ու տարածաշրջանի մյուս երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Ըստ վարչապետի աշխատակազմի, ներկայացվածը նշանակում է, որ «Անվտանգության խորհուրդը անխուսափելիորեն սահմանելու էր, որ մինչև վերջնական կարգավիճակի ճշգրտումը Լեռնային Ղարաբաղը ստանում է ճանաչված կարգավիճակ Ադրբեջանի կազմում»։

Կառավարության պաշտոնական պարզաբանումն ու ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, սակայն, չեն հստակեցնում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ինչո՞ւ պետք է անխուսափելիորեն սահմաներ, որ Ղարաբաղը կարգավիճակ էր ստանալու Ադրբեջանի կազմում, եթե 2007-ին խորհրդի երեք մշտական անդամները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, բանակցությունների սեղանին էին դրել Մադրիդյան սկզբունքները՝ տարածքային ամբողջականությունը դասելով ազգերի ինքնորոշման սկզբունքի կողքին՝ նույն հարթության վրա։ Ավելին, երբ 2008-ին Բաքուն հատուկ բանաձև էր բերել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա, ուր խոսվում էր միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, դեմ էին քվեարկել։ Հանդես գալով ԵԱՀԿ Մինսկի խմբի անունից՝ Ամերիկայի ներկայացուցիչը հայտարարել էր՝ փաստաթուղթը անընդունելի է, քանի որ «ընտրողաբար է ներկայացնում միջնորդների առաջ քաշած սկզբունքները՝ առանց հաշվի առնելու համանախագահների առաջարկն իր հավասարակշռված ամբողջության մեջ»։

Ադրբեջանի առաջ քաշած այդ բանաձևը չէր պաշտպանել նաև Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից չորրորդը՝ Մեծ Բրիտանիան․ Միացյալ Թագավորությունը նախընտրել էր ձեռնպահ մնալ։ Եթե նշված չէ, թե որտեղ է կայանալու հանրաքվեն, ինչո՞ւ է վարչապետ Փաշինյանը վստահ, որ այն անպայման կայանալու է Ադրբեջանում Վարչապետի աշխատակազմից նաև պնդում են, թե Փաշինյանի ստացած ժառանգությամբ Արցախի վերջնական կարգավիճակը պետք է վճռվեր Ադրբեջանի ողջ տարածքում տեղի ունենալիք համաժողովրդական քվեարկությամբ։ Որպես հիմնավորում՝ կառավարությունը ներկայացրել է 2016 թվականի բանակցային թղթերից մի հատված, ըստ որի հարցը պետք է որոշվեր «համաժողովրդական հանրաքվեով, որը արտահայտում է Ղարաբաղի ողջ բնակչության ազատ կամարտահայտումը»։

«Այստեղ պետք է ուշադրություն դարձնել այն փաստին, որ համաժողովրդական բառի մեջ կա «ժողովուրդ» հասկացություն, որը տվյալ դեպքում չի նույնականացվում Լեռնային Ղարաբաղի հետ, և կա «բնակչություն» հասկացություն, որը, նույնականացվում է Լեռնային Ղարաբաղի հետ։ Եթե հաշվի ենք առնում, որ պոտենցիալ հանրաքվեի անցկացման վայր չի նշվում, պատկերն ամբողջական է դառնում»,- նշում է վարչապետի աշխատակազմը։ 1988թ. ազգային համամասնության պահպանման դրույթը դուրս էր մնացել Ավելին, պաշտոնական պարզաբանումը պնդում է, թե կազանյան հանդիպումից հետո բանակցային թղթերից հանվել է Մադրիդյան սկզբունքներում առկա դրույթը, ըստ որի Լեռնային Ղարաբաղի բնակչություն ասելով հասկացվում էր ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը՝ այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել էր 1988-ին՝ մինչև հակամարտության սկիզբը։ Ըստ «Ազատությանն» ուղղված գրության, 2016թ. օգոստոսին հայկական կողմը դիմել է միջնորդներին, որ այդ դրույթը վերականգնվի։ Թե ի՞նչ ճակատագրի է արժանացել հայկական կողմի այդ դիմումը, կառավարությունը չի հստակեցնում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում