Փաշինյանն իր հայտարարություններով մեր տարածքի մի մասը լեգիտիմ թիրախ է դարձնում Ադրբեջանի համար. Հայկ Սահակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ, քաղաքագետ Հայկ Սահակյանը 

– Պարո՛ն Սահակյան, Տավուշի մարզի չորս գյուղի հանձնման մասով քննարկումները չեն դադարում, Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը հայտարարում են, որ այդ անուններով գյուղ չկա Հայաստանի տարածքում, տավուշցիների հետ հանդիպմանն էլ ասել է, որ եթե այդ գյուղերը չտան, Ադրբեջանը մինչև շաբաթվա վերջ կարող է պատերազմ սկսել։ Ինչպե՞ս եք գնահատում ընթացող քննարկումը։

– Սա Նիկոլ Փաշինյանի հերթական սուտն է, երկրորդ՝ նույն պատմությունը եղավ Արցախի պարագայում, երբ կամաց-կամաց հանձնում էին գյուղերը, դրանք կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող գյուղեր էին, որպեսզի Արցախի հետագա նվաճումը ավելի հեշտ դառնար։ 

Հիմա Տավուշում մենք, լավ թե վատ, բայց 30 տարի դիրքերն ամրացրել ենք, կահավորել ենք ու դրանք ձեռք ենք բերել հաղթանակից հետո։ Եթե այսօր Ադրբեջանն այդ կողմից հարձակվի Հայաստանի վրա, մինչև ինչ-որ հաջողության հասնելը ծանրագույն կորուստներ կունենա։ Իսկ եթե մենք այդ գյուղերը տալիս ենք, պաշտպանական շրջանների մեջ ճեղքեր են առաջանում, նրանք հայտնվելու են մեր զորքերի թիկունքում ու արդեն հեշտությամբ կհասնեն իրենց նպատակին։ Հիմա ես չեմ հասկանում, թե այդ գյուղերը տալով՝ ինչպե՛ս է երկրի անվտանգությունն ապահովում։

– Հիմա, երբ երկրի ղեկավարը, ըստ էության, ասում է՝ եթե պահանջածը չտանք՝ պատերազմ կլինի, իսկ մենք գիտենք, որ թշնամին ստացածով չի բավարարվում, պահանջածը տալով ո՞ւր ենք հասնելու։

– Ավելի թույլ դիրքերից ենք պատերազմը սկսելու։ Իսկ Ադրբեջանը մինչև վերջին կետն առաջ է գալու, որովհետև անընդհատ տալիս ենք։ Ո՞րն է այդ սահմանը, մինչև որտե՞ղ պետք է տանք, որ Փաշինյանը դադարեցնի տալը, չկա այդ սահմանը փաստացի։ Հիմա Տավուշը տվեցինք, հետո Սյունիքն է ուզելու, Փաշինյանն էլ ասելու է՝ եթե չտանք, պատերազմ է լինելու, Սյունիքն էլ տվեցինք, հետո՞, էլ ո՞նց ենք պայքարելու։ 

– Իսկ իշխանությունն ինչո՞ւ է այդ քաղաքականությունը որդեգրել։

– Որովհետև Ժիրայր Լիպարիտյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի այդ անվերջ տալու փիլիսոփայությունը Նիկոլ Փաշինյանի հավատամքներից մեկն է, ինչն ինքը չի էլ թաքցնում։ Արցախը տալուց առաջ Ժիրայր Լիպարիտյանը մի քանի անգամ Հ1-ով երկարաշունչ ելույթներ ունեցավ։

– Դե Արցախի մասով ասում էին, թե վիճահարույց տարածք է, պետք է տանք, որ Հայաստանի անվտանգությունը, ինքնիշխանությունը պահպանենք…

– Հիմա Արցախը տվել ենք, ավելի անվտա՞նգ ենք, թե՞ Արցախով հանդերձ էինք ապահով։

– Իհարկե Արցախով էինք ապահով։

– Էլ ինչի մասին է խոսքը, հիմա Տավուշի մասով էլ է ասում՝ գյուղեր կան, մերը չեն։ ՀՀ ղեկավարը հենց իր հայտարարություններով մեր տարածքի մի մասը լեգիտիմ թիրախ է դարձնում Ադրբեջանի համար։ Իսկ թե ինչո՛ւ է Փաշինյանը մեզ վրա հարձակվելու հնարավորություն տալիս Ալիևին, թող ամեն մեկն իր համար եզրակացություն անի։ 

– Պարո՛ն Սահակյան, Ոսկեպարում բողոքի ակցիա էին անցկացնում, այդ ակցիաներն ինչ-որ արդյունք կտա՞ն։

– Տարուց ավելի է ակցիաների մեջ ենք, ակցիաներն արդյունք չեն տալիս։ Մեր դեմ համակարգ է պայքարի դուրս եկել, պետություններ, կայսրություններ, ու մենք ուզում ենք ինչ-որ մի քաղաքացիական ակցիայով դրա դեմն առնե՞նք, ռեալ չէ։ Պետությունը պետք է դա անի, պետությունն է պատերազմ հաղթում, պետությունը պետք է մտնի պատերազմի մեջ, ոչ թե մի քանի ուժեղ տղերք։ 

– Դե պետության պատասխանն ակնհայտ է։

– Ուրեմն մենք տալու ենք, անգամ եթե ոսկեպարցիները դուրս գան, հերոսաբար զոհվեն, բայց այդ տարածքները կտան, եթե ամբողջ հանրությունը դուրս չգա, Փաշինյանին չհեռացնի, նոր կառավարություն չձևավորի, որը պետության կառավարման հիմքում կդնի անվտանգության ապահովումը, մենք չենք կարող արդյունք ապահովել։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am