ՀԱՊԿ-ում խաղաղապահների ներուժը, ստեղծված մեխանիզմները ռեալ աշխատում են. Զաս

Ղազախստանում գտնվող ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը լիարժեք կատարում են իրենց առջև դրված խնդիրները: «Արմենպրես»ի հաղորդմամբ, ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հունվարի 10-ին կայացած արտահերթ նիստում այս մասին նշեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Այսօր բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են: Ես երեկ խոսել եմ  Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործողությունների ղեկավար ՌԴ օդադեսանտային զորքերի հրամանատար գեներալ գնդապետ Անդրեյ Սերդյուկովի հետ: Նրա հաշվետվության համաձայն՝ այսօր երկրների ղեկավարների մակարդակով լուծում պահանջող խնդիրներ չկան: Շատ ուրախալի էր լսել նաև այն, որ բոլոր կենցաղային հարցերը տեղում կարգավորվում են համատեղ: Ասվել է այսպես՝ մենք ապրում ենք ու մեր առաջ դրված խնդիրները լուծում ենք ինչպես մեկ ընտանիք»,-ասաց Ստանիսլավ Զասը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշեց, որ այս օպերացիան առաջին փորձն է, ավելի ուշ գործողությունները մանրամասն կվերլուծվեն և կարվեն անհրաժեշտ եզրահանգումներ:

«Եզրակացություններ կանենք, դասեր կքաղենք, բայց այսօր մենք արդեն կարող ենք անել ամենագլխավոր եզրակացությունը՝ խաղաղապահների այն ներուժը և այն մեխանիզմը, որը ստեղծվել է այս կազմակերպությունում ռեալ աշխատում է և կարող է կատարել իր առջև դրված խնդիրները» ,-ասաց Ստանիսլավ Զասը: