Քաղաքացին մաքսային կանոնների խախտմամբ փորձել է ոսկյա զարդեր ներկրել Հայաստան, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը կանխել է դեպքը։ Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։
«Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս «Բագրատաշեն» պետական սահմանային անցակետում զննման ենթարկելով Վրաստանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Մ.Մ-ին՝ նրա մարմնի տարբեր հատվածներից հայտնաբերել են ինքնակպչուն ժապավեններով փաթեթավորված յոթ փաթեթ՝ 649.6 գրամ ընդհանուր քաշով դեղնասպիտակավուն զարդերի պարունակությամբ: Քաղաքացի Մ.Մ-ի հայտարարության համաձայն՝ դրանք ոսկյա զարդեր են։
Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն` ՀՀ Մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման հատկանիշներով»,-տեղեկացնում է ՊԵԿ հաղորդագրությունը։