ԵՊԲՀ ղեկավարությունը՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ, այսօր շնորհակալություն հայտնեց «Մուրացան» հիվանդանոցի տնօրեն Բագրատ Բավեյանին և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի անձնակազմին ներկայացրեց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ Բոքսային բաժանմունքի ղեկավար, գլխավար բժշկի տեղակալ Հռիփսիմե Ապրեսյանին:
Ինչպես նշեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, իր աշխատանքային գործունեության շուրջ 10 տարին Բագրատ Բավեյանը ղեկավարելով համալսարանական հիվանդանոցը՝ կարողացել է համախմբել և ամենածանր պահերին եղել է կողմնորոշիչ հիվանդանոցի անձնակազմի համար:
«Իր կյանքի 25-ին տարին Բագրատ Բավեյանը նվիրել է երեխաների առողջությանը»,- ասաց ռեկտորը:
Արմեն Մուրադյանը խոսելով մարտահրավերների մասին՝ տնօրենի նորանշանակ պաշտոնակատարին հորդորեց՝ պահպանելով հիվանդանոցի ձեռքբերումները՝ ավելացնել նոր որակ: Բագրատ Բավեյանը նշեց, որ պատիվ է ունեցել երկար տարիներ աշխատել համալսարանական հիվանդանոցի մեծ անձնակազմի հետ: «Կյանքի այս փուլում ընտրություն եմ կայացրել՝ ի օգուտ մասնագիտական զարգացման»,-շեշտեց նա՝ մաղթելով, որ տարիների ընթացքում իրականացված աշխատանքն ավելի մեծ արդյունքներ կգրանցի՝ ի նպաստ երեխաների առողջության:
«Երեխաների առողջության համար ներդրած յուրաքանչյուր լումա տարիների ընթացքում յոթ անգամ ավել վերադառնում է»,- եզրափակեց Բագրատ Բավեյանը: Համալսարանական հիվանդանոցի նորանշանակ պաշտոնակատար Հռիփսիմե Ապրեսյանը ստանձնելով պատասխանատու և պարտավորեցնող պաշտոնը նշեց, որ համալսարանական թիմի աջակցությամբ պատրաստ է կատարել առավելագույնը՝ հիվանդանոցի աշխատանքը լավագույնս կազմակերպելու համար:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը երկար տարիներ համալսարանական հիվանդանոցը ղեկավարելու համար Բագրատ Բավեյանին հանձնեց պատվոգիր: