Մեկնարկում է հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ հոբելյանական «Տերտերյան-ֆեստ» փառատոնը

Մեկնարկում է հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ հոբելյանական «Տերտերյան-ֆեստ» փառատոնը
Մեկնարկում է հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ հոբելյանական «Տերտերյան-ֆեստ» փառատոնը

2019 թ. փետրվարի 20-ից մեկնարկում է հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ հոբելյանական «Տերտերյան-ֆեստ» փառատոնը, որը կշարունակվի մինչև մարտի 12-ը:   

Ս. թ. փետրվարի 20-ին` ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ տեղի կունենա փառատոնի բացման համերգը, որի ընթացքում կհնչեն արիաներ հայ կոմպոզիտորների օպերաներից, ռոմանսներ և երգեր: Նշենք, որ փառատոնի շրջանակում մի քանի ռոմանսներ և երգեր գործիքավորվել են սոպրանոյի և սիմֆոնիկ նվագախմբի համար և նվագակցության այս կազմով հնչելու են առաջին անգամ:   

Հայաստանյան արդի մշակութային կյանքում արդեն տասը տարի շարունակ իր ուրույն և անփոխարինելի տեղն ունի Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը: Երկար տարիների պատմություն ունեցող հայ կոմպոզիտորական դպրոցի ավանդույթների և ներկայիս ձեռքբերումների պահպանությանն ուղղված այս ծրագրի կազմակերպիչը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն է: Ստեղծման առաջին իսկ օրվանից փառատոնն անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: 

Յուրաքանչյուր տարի փառատոնը նվիրվում է անվանի հայ կոմպոզիտորներից մեկին: 2019 թվականին, երբ լրանում է փառատոնի տասնամյակը, հոբելյանական փառատոնը նվիրվում է 20-րդ դարի հայ կոմպոզիտորական դպրոցի վառ և ինքնատիպ ներկայացուցիչներից մեկին՝ Ավետ Տերտերյանի 90-ամյակին: 

Որպես անցած 10 տարիներին կատարված աշխատանքի ամփոփում՝ 10-րդ հոբելյանական փառատոնը ներառում է 4 համերգային երեկո, որոնց ծրագրերում Ավետ Տերտերյանի 7-րդ և 8-րդ սիմֆոնիաների կողքին կհնչեն 20-րդ դարի հայ կոմպոզիտորական դպրոցի անվանի կոմպոզիտորների սիմֆոնիկ ստեղծագործությունները:
 
Մասնավորապես Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն Գրիգոր Եղիազարյանի «Հրազդան» սիմֆոնիան, Էդգար Հովհաննիսյանի Պասակալիան «Անտունի» բալետից, Ղազարոս Սարյանի Սիմֆոնիկ պարերը, Առնո Բաբաջանյանի Թավջութակի կոնցերտը (մենակատար` Դենիս Շապովալով), Հարո Ստեփանյանի Դաշնամուրի կոնցերտը (մենակատար` Արմեն Բաբախանյան), Տիգրան Չուխաջյանի «Անդադար շարժումը» (մենակատար` Լիլիթ Արտեմյան) և այլ ստեղծագործություններ:
Ծրագիրը ներբեռնել այստեղ:

Ազդագիրը ներբեռնել այստեղ: