«Տեղեկությունը չհրապարակելը բնորոշ է ավտորիտար համակարգերին, և ապագա ձախողումները թաքցնելու նպատակ ունի». Արտակ Քյուրումյան

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Կառավարության համապատասխան որոշման մեջ փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում է որոշակիորեն սահմանափակել հանրությանը ներկայացվող տեղեկությունները, քանի որ դրանց հրապարակումը կարող է ռիսկեր պարունակել:

Մասնավորապես, խոսքը պետական բարձրաստիճան պաշտոնյաների ճանապարհորդությունների մասին է: Այսպես՝ առաջարկվում է e-gov.am կայքից հեռացնել մեկ անձից կատարված գնումների մասին տեղեկատվությունը, քանի որ գնումների հաշվետվություններում գնման առարկան, կատարման հիմքը, գնման պահանջի ծագման հիմքն ու ամբողջական պայմանագրի պատճենը համարվում են ռիսկային տվյալներ։

ԲՏԱ նախարարությունից նշում են, որ gov.travel.am կայքում տեղադրվում է պետական աշխատակիցների թռիչքների վերաբերյալ հաշվետվություն, որը պարունակում է «զգայուն տվյալներ» և կարող է կիբեռանվտանգության առումով ռիսկեր առաջացնել: Հետևաբար, առաջարկում են gov.travel.am կայքից հեռացնել ավիափոխադրողների, չվերթերի, ամրագրման կոդերի, ուղևորների թվի, ընդհանուր կարգից շեղվելու դեպքում պատվիրատուի նշած հիմնավորման, արժեքի, Ազգային անվտանգության խորհրդի անդամ հանդիսացող անձանց և ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից գնված ավիատոմսերի վերաբերյալ տեղեկատվությունը:

Այս առնչությամբ «Մեդիալաբը» մի քանի հարցեր է ուղղել գնումների հարցերով փորձագետ Արտակ Քյուրումյանին:

– Պարո՛ն Քյուրումյան, ԲՏԱ նախարարությունը հանրային քննարկման է դրել Կառավարության որոշման մի նախագիծ, որի մասին, վստահ եմ՝ գիտեք: Ասացեք, խնդրում եմ՝ արդյոք հիմնավորվա՞ծ է այդ նախագծի անհրաժեշտությունը:

-Հանրային քննարկման դրված նախագծում խոսում են ռիսկերի մասին, սակայն ռիսկերի մասին հենց այնպես խոսելու կարիք չկա: Սովորաբար եթե նման կարևոր փոփոխություն է կատարվում, ապա պետք է որպես հիմնավորում ծանրակշիռ տվյալներ ներկայացվեն, թե, օրինակ՝ քանի գործուղման դեպքում ինչպիսի խնդիրներ են առաջացել:

Սակայն ներկայացված նախագծի հիմնավորումներում որևէ այդպիսի փաստ չկա, օրինակ՝ կարող էին ասել՝ 40 գործուղումներից 30-ի դեպքում խնդիրներ են առաջացել, ինչի հիման վրա էլ նման փոփոխություն կատարելու անհրաժեշտություն է ծագել: Բայց նման փաստ չեն ներկայացրել, ինչը նշանակում է, որ ենթադրյալ ռիսկերից են նրանք խոսում:

Իսկ պետական քաղաքականության տեսանկյունից ռիսկերը պետք է լինեն ոչ թե ենթադրյալ, այլ հստակ սահմանվեն, չափվեն, և հետո նշվեն այն միջոցառումները, որոնց միջոցով իրենք ուզում են այդ ռիսկերի ազդեցությունը նվազեցնել:

Մի շատ կարևոր դիտարկում՝ այստեղ խոսքը հաշվետվությունների մասին է, այսինքն՝ ոչ թե ապագայում տեղի ունենալիք իրադարձությունների մասին, այլ կատարվածի՝ մարդը գնացել է գործուղում, կատարել է ինչ-որ գործողություններ ու վերադարձել է: Ես չեմ պատկերացնում՝ ի՛նչը կարող է գաղտնի լինել, որովհետև ենթադրում եմ, որ մեր պետական պաշտոնյաները արտասահման գնալով՝ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկատվություն օտարերկրացիների հետ չեն քննարկում:

Այս նախաձեռնությունը ուղղակի կսահմանափակի հասարակության կողմից պետական ծախսերի մոնիթորինգ իրականացնելու հնարավորությունը: Ամենայն հավանականությամբ, նպատակը հենց դա է: Սա չէր կարող լինել ընդամենը նախարարության նախաձեռնություն: Սա, ամենայն հավանականությամբ, ավելի բարձր մակարդակի նախաձեռնություն է:

Այսպիսով տեղեկատվությունը ավելի քիչ հասանելի են փորձում դարձնել, որպեսզի քաղհասարակությունը, փորձագիտական հանրությունը, քաղաքացիները դժվար ճանապարհներով կարողանան հավաքել պահանջվող տեղեկությունը:

Ես կարծում եմ, որ այս նախաձեռնությունը ապագա ձախողումների վերաբերյալ տեղեկատվության տարածումը նվազեցնելու ցանկությամբ է պայմանավորված, մինչդեռ խնդիրները այլ տեղում են, պետական կառավարման մեջ: Փոխարենը այդ խնդիրների լուծումներով զբաղվելու՝ փորձում են փակել այդ տեղեկությունը: Սա բնորոշ է ավտորիտար համակարգերին:

– Իսկ կոռուպցիոն ռիսկեր կարո՞ղ են առաջանալ այս նախաձեռնության համատեքստում:

– Իհարկե, ցանկացած փակ գործողություն ավելի ռիսկային է: Այդ ի՞նչ հարցեր են պետական պաշտոնյաները գնում, դրսում քննարկում, որ պետական ծառայողական գաղտնիք է պարունակում, և դա պետք է թաքցնել:

Օրինակ՝ կարո՞ղ են վերջին երկու տարիներից 100 դեպք ներկայացնել և ասել՝ ահա, այս դեպքերում խնդիրներ են առաջացել: Նրանց ձևակերպումները շատ ընդհանրական են, փաստեր չեն ներկայացվել, մինչդեռ պետք է շատ կոնկրետ օրինակներ ներկայացնել: Եթե, օրինակ՝ որոշեն, որ ինչ-որ պաշտոնյաների համար ինքնաթիռի տոմսերը բիզնես կլաս են լինելու, դուք կարո՞ղ եք դրանից հետո վերահսկել դա:

– Հիմնավորումներում կարծես 44-օրյա պատերազմի մասին է խոսվում՝ նշելով, որ նման նախաձեռնության անհրաժեշտությունն առաջացել է այդ օրերին, քանի որ տվյալների արտահոսքի հետ կապված ռիսկեր են առաջացել:

– Այո՛, նրանք հղում են կատարում, բայց, միևնույն է՝ չեն հիմնավորում: Շատ վատ կլինի, եթե սկսեն պատերազմին հղում կատարելով՝ փակել տեղեկատվությունը: Դա չի համապատասխանի բաց, թափանցիկ, պատասխանատու և ներառական կառավարման պահանջներին:

Հասարակությունը պետք է տեղեկացված լինի, որ կարողանա վերահսկողություն իրականացնել: Եթե հասարակությունը տեղեկացված չլինի, չի կարող վերահսկողություն իրականացնել, չի կարող համոզված լինել, որ հանրային միջոցները նպատակային և արդյունավետ են ծախսվում:

– Դուք ձեր խոսքում նշեցիք, որ սա չէր կարող միայն ԲՏԱ նախարարության նախաձեռնություն լինել, և ավելի վերևից եկած որոշում է: Կարծում եք՝ հենց Նիկոլ Փաշինյա՞նն է այս տեղեկատվական սահմանափակումների հեղինակը:

– Սա հաստատ չէր կարող ծագել որևէ նախարարությունում: Այս միտքը ծագել է կամ վարչապետի մոտ, կամ վարչապետի աշխատակազմում:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am