«Քանի դեռ ընդդիմությունը չի որոշել՝ ինչ է ուզում, ունենալու է վարկանիշի կտրուկ անկում». Արմեն Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, խորհրդարանում կրկին իրավիճակը թեժացել է, թեժացել է այն աստիճան, որ խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը ընդդիմությանը խորհուրդ տվեց «լքել քաղաքականությունը», քանի որ, ըստ Սիմոնյանի, նրանք սպառել են իրենց: Սիմոնյանի գնահատականն ու խորհրդարանում տիրող մթնոլորտ ինչպե՞ս եք մեկնաբանում:

– Տիրող մթնոլորտը նոր չէ, որ կա, այն ձևավորվեց 2018-ի սեպտեմբերին, երբ հասարակությունը բաժանվեց սև ու սպիտակի, ինչը այս իշխանությունների օրոք բերեց մթնոլորտի ինստիտուցիոնալ փոփոխության, բայց իրականում Հայաստանում ընդդիմություն-իշխանություն առկա այս մթնոլորտը ձևավորվել է 1992-93 թվականներին, երբ ցուրտ ու մութ տարիներին ընդդիմությունը ցույցեր էր կազմակերպում, իսկ օրվա իշխանությունն էլ արհամարհական վերաբերմունք էր դրսևորում ընդդիմության նկատմամբ:

Ընդդիմություն-իշխանություն այսօրվա հարաբերությունների հիմքերը պետք է փնտրել այդտեղ, իհարկե 2018-ին դա սաստկացավ, դրան ավելի շատ հնչեղություն տրվեց, բայց դաշտը սև ու սպիտակի էր բաժանված դեռ 90-ականների սկզբից: Սպիտակները նրանք էին, որոնք պետք է միշտ իշխանություն լինեին՝ կեղծելով ընտրությունները, բռնություններ կիրառեին իրենց իրավունքների համար պայքարողների նկատմամբ, իսկ սևերը շարքային խավն էր, որը ոչ մի իրավունք չուներ՝ ի տարբերություն սպիտակների, որոնք կարող էին մենաշնորհներ ունենալ, հեռուստաընկերություններ ստեղծել և այլն:

Այս մթնոլորտը կա դեռ 92-ից և ընդամենը անցնում է դինամիկ զարգացման միջով՝ մի պահ սրվում է, մի պահ՝ ոչ: 30 տարի քաղաքական համակարգը սև ու սպիտակի բաժանված լինելով, բնական է, որ նման պատկեր պետք է ունենայինք, բայց սա այդքան էլ բարդ դեպք չէ, ես տեսել եմ խորհրդարանի նիստեր, երբ ընդդիմադիրներին բառի բուն իմաստով ծեծում էին, ֆիզիկական ուժ էին կիրառում ու ծեծում, դա 96 թվականն էր:

Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանի հայտարարությանը. յուրաքանչյուր քաղաքական գործիչ իրավունք ունի իր դիրքորոշումն արտահայտել, բայց ընդդիմության վերաբերյալ ես ասել եմ ու շարունակում եմ ասել, որ եթե ընդդիմությունը ցանկություն ունի որևէ գործողություն իրականացնել, ապա դրա համար նախևառաջ պետք է հստակեցնել, թե ինչ են ուզում իրենք, որովհետև եթե դու փողոցում գոռում ես «Առանց Նիկոլ Հայաստան», հետո գնում խորհրդարանում կողմ ես քվեարկում այդ մարդու ղեկավարած քաղաքական թիմի ինչ-որ օրինագծերի, ապա քո նպատակներն այդքան էլ հասկանալի չեն լինում հանրության համար:

Քանի դեռ ընդդիմությունը չի որոշել՝ ինչ է ուզում, ունենալու է վարկանիշի կտրուկ անկում, բայց սա էլ կարևոր չէ, որովհետև դրանով մտահոգվում են այն երկրների քաղաքական ուժերը, որտեղ ժողովրդավարություն կա, բայց քանի որ Հայաստանն այդ երկրներից չէ, բնականաբար, իշխանության կամ ընդդիմության վարկանիշի փոփոխությունը զրո նշանակություն ունի:

Հայաստանում իշխանությունը փոխվելու է լրիվ այլ մեթոդներով, այսինքն՝ ընտրությունները Հայաստանում, ինչպես տեսնում ենք, ընդամենը գալիս են փաստելու արդեն տեղի ունեցած իշխանափոխությունը: Այդպես եղել է 98-ին՝ իշխանափոխությունից հետո, 2018-ին՝ իշխանափոխությունից հետո:

Վարկանիշն ինքնին նշանակություն չունի, բայց սա չի նշանակում, որ ընդդիմությունն անելիք չունի, առնվազն որոշակի բան պետք է անի, բայց քանի որ Հայաստանի վրա շատ ուժեղ է արտաքին քաղաքական գործոնը, հիմա Հայաստանում քաղաքական գործընթացը մահացած վիճակում է, սպասում են Ռուսաստան-Ուկրաինա կոնֆլիկտի լուծմանը, որից հետո Հայաստանում հնարավոր են փոփոխություններ:

– 2021-ի արտահերթ ընտրություննե՞րն էլ էին արդեն կայացած իրողություն, որոնք հաստատվեցին ընտրությամբ:

– Այո՛, դա արդեն փաստացի տեղի էր ունեցել, որովհետև երբ Դիմադրության շարժումը հաջողություն չունեցավ, ու ի սկզբանե վարչապետը հրաժարական չներկայացրեց, փաստ էր, որ իշխող քաղաքական ուժը մնացել էր իշխանության: Հայաստանում նախադեպային է եղել 1990 թվականը, երբ քվեաթերթիկով ընտրվել է Գերագույն խորհրդի կազմը:

– Ձեր դիտարկմամբ՝ իշխանությունն ու խորհրդարանական ընդդիմությունը սպառե՞լ են իրենց:

– Նայած ի՞նչ ենք հասկանում սպառել ասելով, դա մի քիչ զգացմունքային արտահայտություն է, ոչ քաղաքագիտական: Եթե նկատի ունենք՝ կա՞ն քայլեր, որ պետք է արվեն՝ այո՛, կան: Կանե՞ն, թե՞ չէ՝ չգիտեմ:

– Անելիքները, որոնք պետք է արվեին, արվե՞լ են:

– Անելիքները, որ պետք է արվեն, իշխող քաղաքական ուժը չի անում, ու արդեն հասկանալի է, որ չի անելու, ինչի հետևանքով էլ կոռուպցիայի դեմ պայքարում նահանջ է գրանցվել: Իսկ ընդդիմությունն էլ, արդեն ասացի, սպասում է ռուս-ուկրաինական հակամատության ավարտին:

– Պարո՛ն Բադալյան, առկա քաղաքական դաշտը նկատի ունենալով՝ հեռանկարային համարո՞ւմ եք, որ Հայաստանում կձևավորվեն առողջ քաղաքական ուժեր:

– Այդ կատեգորիան մտցվեց 90 թվականին, որը կեղծ է, ի՞նչ է նշանակում՝ առողջ քաղաքական ուժ, չկա նման հասկացություն, բոլոր ուժերն էլ առողջ են, նայած՝ ով է գնահատողը: Քաղաքական ամբողջ համակարգը կառուցված է ոչինչ չանելու կատեգորիայի վրա, ոչ ոք ոչինչ չի ուզում անել, իսկ դա բերել է այն վիճակին, որի մեջ ենք այսօր:

 Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am