Ռուբինյանը կոշտ արձագանքեց Թուրքիայի ազդեցության գործակալ լինելու մեղադրանքներին

Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը լիովին անհիմն է համարում իր՝ Թուրքիայի ազդեցության գործակալ լինելու մեղադրանքները։

«Նկատած կլինեք, որ ես բավականին համբերատար մարդ եմ, գուցե, նաև բարեհամբույր, բայց ես ճի՞շտ լսեցի, որ այս դահլիճում որևէ մեկը ինձ մեղադրեց Թուրքիայի ազդեցության գործակալ լինելու մեջ։ Ուրեմն լսեք ինձ, տիկին Խամոյան, («Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյան- խմբ․) և ձեր ամբողջ խմբակցություն, այստեղ որևէ մեկը կա՞, որ կարող է կանգնել ու իմ դիմաց ասել, որ ես ազդեցության գործակալ եմ։ Այդպիսի մարդ այստեղ չկա և չի կարող լինել։ Ինչո՞ւ, որովհետև նախ դա լիապես անհիմն պնդում է, և երկրորդը՝ ի պատասխան դրա ես կարող եմ մոռանալ իմ համբերատար և բարեհամբույր լինելը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց Ռուբինյանը։

Ռուբինյանը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին հորդորեց կարգի բերել իրենց խմբակցության պատգամավորներին։