ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Կրեմլի պաշտոնական կայքի տարածած հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։
Այս մասին հայտնում է factor.am-ը:
«Հաշվի առնելով Իլհամ Ալիևի՝ վերջերս Ուկրաինա կատարած այցը՝ քննարկվել է ներուկրաինական հակամարտության կարգավորման խնդիրը։
Վլադիմիր Պուտինը պատմել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ կայացած շփումների մասին անվտանգության երաշխիքների տրամադրման մասով, որոնք ապահովում են Ռուսաստանի անվտանգությունը։
Ղազախստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասով մտքերի փոխանակման ժամանակ գոհունակություն է հայտնվել, որ իրավիճակը հաջողվել է օպերատիվ կերպով կայունացնել, մասնավորապես, ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ներկայության շնորհիվ»,- ասվում է հաղոդագրության մեջ։ Նշվում է, որ հաստատվել է ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման մտադրությունը։
Կրեմլի հաղորդագրության մեջ չի նշվում՝ արդյո՞ք քննարկում եղել է Արցախի հարցի կամ հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի շուրջ։