Թուրքագետը վստահ է՝ Թուրքիայի համար անկյունաքարային հարց է Մեղրիով դեպի Նախիջևան ճանապարհ ունենալը

Թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի համոզմամբ՝ Թուրքիայի համար այսօր անկյունաքարային է Մեղրիով դեպի Նախիջևան ճանապարհ ունենալու հարցը:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ «Ներկա իրավիճակում մտավորականի դերը» նախաձեռնության շրջանակում կազմակերպված հանդիպմանը Մելքոնյանը շեշտեց, որ արևելագետ ուսանողներն անգամ կարող են փաստել, որ դա պանթուրանական ծրագրի ամենակարևոր, ամենացանկալի կետն է:

«Նրանք ձգտում են ամենացանկալի ճանապարհով Թուրքիան կապել Նախիջևանին, Նախիջևանը ցամաքային ճանապարհով կապել  Ադրբեջանին և այդպես շարունակ: Թուրքիայի և՛ նախագահի, և՛ ԱԳՆ նախարարի հայտարարությունները հիմնականում սևեռված են հենց Մեղրիի  խնդրի վրա, թե ինչպիսի ճանապարհ պետք է լինի, ինչպես գործարկվի»,-ասաց թուրքագետն ու հավելեց, որ չի բացառում՝Թուրքիան հայտարարի, որ կարող է բացել  Հայաստանի հետ սահմանը, ինչը մեզ համար սպառնալիք է լինելու, որովհետև մենք պատրաստ չենք  դրան: