Գոյության տարածք. Անահիտը

Զեյթունում՝ բնակելի շենքերի միջնամասում, գեղեցկության փոքրիկ սրահում մազերը գեղեցիկ հարդարված, ձեռքերը խնամված, ձիգ կեցվածքով նստել է Անահիտը: Շարժուձևը, խոսքը, կեցվածքը մատնում են նրա ուսուցչուհի լինելը, դպրոցի հետ ունեցած կապը: 

Անահիտը հազարավոր արցախցիներից մեկն է, որ տեղահանության, ճակատագրի և հանգամանքների բերումով ուրիշ միջավայրում հայտնվեց և ստիպված էր կյանքը նոր էջից սկսել: Այս անգամ՝ 53 տարեկանում։ Ու սկսեց՝ ինչպես ինքն է ասում՝ առանց ժամանակ կորցնելու։

Անահիտ Սարգսյանը 19 տարվա մանկավարժ է, որից 16 տարին նաև դպրոցի փոխտնօրեն է եղել։ Ստեփանակերտի Ավետիք Իսահակյանի անվան թիվ 10 հիմնական դպրոցում նաև շախմատ է դասավանդել։ Ժպիտով ու կարոտով հիշում է՝ 1200-ից ավելի աշակերտ ունեցող հարազատ դպրոցում իրեն «սիրուն մազերով փոխտնօրեն» էին ասում։

«Իմ կյանքը երբեք չէի պատկերացնի դպրոցից դուրս։ Շատերս շատ բան չէինք պատկերացնում, բայց եղավ։ Ի՞նչ անեի, նստեի ու սպասեի, թե ինձ ե՛րբ հաց կբերեն։ Ո՛չ իհարկե, ես աշխատանքից չեմ ամաչում»,- ասում է Անահիտը։

Անահիտը պատմում է, որ միշտ է սիրել խնամված լինել, գեղեցկանալ ու գեղեցկացնել, ինչը և ազդել է նոր աշխատանք գտնելու որոշման վրա։ 

Մի քանի ծանոթներից խորհուրդ հարցրեց, և, ինչպես ինքն է ասում «բարի մարդկանց աջակցությամբ սկսեց նոր մասնագիտություն սովորել»՝ էլոս մազահեռացում։ Երախտագիտությամբ ասում է, որ իրեն օգնեցին նաև, որ սարքը ձեռք բերի՝ մաս-մաս վճարելու հնարավորությամբ։

«Մի քանի օր է՝ աշխատում եմ, բայց արդեն հաճախորդներ ունեմ։ Դեռ առաջին այցերն են, բայց բոլորն էլ կարծես գոհ են հեռանում։ Ոչ միայն չեմ դժգոհում, այլև ապագայի համար օրեր եմ ամրագրում: Մեկ սարք էլ եմ գնելու, ու եթե ամեն ինչ բարեհաջող գնա, նաև իմ գեղեցկության սրահն եմ բացելու»,- համոզիչ տոնով ասում է նա։

Անահիտ Սարգսյանն արդեն երկու հավաստագիր ունի, շուտով երրորդն էլ կբերեն։ Կոսմետոլոգիական կուրսը երկրորդ անգամ է անցել։ 

Անահիտն ասում է, որ սիրում է իր նոր գործը: Հավանաբար նախկին աշխատանքն է իր հետքը թողել, ասում է՝ մինչև հաճախորդների հետ մի լավ խորհրդատվություն չի անում, գործի չի անցնում։ Սիրով է շփվում հաճախորդների հետ։ 

«Հաճախորդների հետ շփման հիմնական թեման գեղեցկությունն է։ Այս ամիսների ընթացքում շատ բան եմ սովորել ու խորհրդի տեսքով հաճախորդներիս ներկայացնում եմ։ Թող ինձ հետ շփումը նրանց համար օգտակար լինի»,- ժպտում է Անահիտը։

Անցյալից շատ չի խոսում, վերքը խորն է ու ցավոտ՝ ասում է։ Մի ամբողջ կյանք են թողել անցյալում, հարգանք ու պատիվ։ Որքան քիչ է խոսում, այնքան հաճախ է սակայն մտքում հիշում իր Արցախը, իր դպրոցն ու աշակերտներին։ 

Ասում է՝ տեղափոխվելուց հետո դժվար էր համակերպվել, ամուսինը, որ զինվորական էր, հոգեբանական ծանր վիճակում էր։ 3 ամիս տնից դուրս չի եկել և միայն օրեր առաջ է իր մեջ ուժ գտել ու գործի անցել։ Մոտակա խանութներից մեկում վերանորոգման աշխատանքներ է անելու: 

Անահիտն ասում է՝ ինչքան էլ դժվար լինի, պիտի փորձեն ուժ գտնել: Դպրոցի և աշակերտների մասին խոսելիս տխրում է, հետո հիշում, որ մի քանիսին էլ Երևանում է հանդիպել՝  իր համար ոչ այնքան «հարմար պայմաններում»: 

«Երբ Երևանում տեղավորվեցինք, հասկացանք, որ ոչ մեկը մեզ չի օգնելու, կերակրելու։ Պետք է ինքնուրույն գլուխ հանեինք, ու հենց հաջորդ օրը մեր մոտակա խանութում աշխատանքի տեղավորվեցի: Գործը շատ ծանր էր, հոգնում էի, ամբողջ օրը ոտքի վրա էի, արկղեր էի այս ու այն կողմ տանում։ Աշխատանքից հետո լացելով տուն էի գնում»,- պատմում է Անահիտը։ 

Հիշում է՝  մի օր իր աշակերտները պատահաբար խանութ են մտել, իրեն տեսնելով, արագ դուրս են եկել ու գնացել։ Հաջորդ օրը միայն ծնողները եկել են ու ասել, որ չեն ուզել, որ իրեն վատ զգա, դրա համար են փախել, թեպետ ինքն աշխատանքից չի ամաչում, ասում է՝ պարզապես հոգեբանորեն է դժվար եղել։ Առանց այդ էլ Արցախում ապրածն ու տեսածը ծանր հետք է թողել բոլորի վրա։ 

Շրջափակման օրերին առողջական խնդիրներ ուներ։ 2023-ի մայիսին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստան էր եկել։ Բուժման կուրսն անցել էր ու վերադարձել օգոստոսի 31-ին՝ Կարմիր խաչի ուղեկցությամբ։ 

Միայն ինքն ու բժիշկն էին վերադառնում Արցախ։ 

Հիշում է՝ Կարմիր խաչի ներկայացուցիչները անընդհատ զգուշացնում էին, որ եթե անցակետում սադրեն, ոչ մի բան չպատասխանեն։ Բայց տիկին Անահիտի միակ մտածմունքը շուրջ 70 կգ սնունդն ու հիգիենայի պարագաներն էին, որ իր հետ տանում էր շրջափակված ու սննդից զրկված Արցախ։ Սուրճ, քաղցրավենիք, պանիր, երշիկ, մանկական կաթնախառնուրդներ, լվացքի փոշի։ Սրանք բաներ էին, որ արցախցիները կարոտ էին մնացել։ 

«Կհավատա՞ք, մինչև տուն հասա, իմ տուն կոնֆետ չի մտել, բոլորին բաժանել եմ։ Երբ մեր մեքենան բակ մտավ, արդեն հարևաններն ու բարեկամները հավաքվել էին, գիտեին, որ դատարկաձեռն չեմ գալիս։ Իմ հետի բժիշկն էլ միայն մանկական կաթնախառնուրդներ էր բերել։ Էնպիսի աննկարագրելի զգացողություններ էին, բակում  իսկական քեֆ էր։ Ուրախ էինք․․․», – ասում է տիկին Անահիտն ու մի քանի վայրկյան լռում, հետո հուզվում, փորձում հավաքել իրեն, որ կարողանա շարունակել իր պատմությունը, վերադառնում նոր իրականություն: 

«Ուժեղ կին եմ,- ասում է,- դեռ 90-ականներից էնքան բաներ են գլխովս անցել, բայց հաղթահարել եմ։ Սա էլ կհաղթահարենք, թուլանալով ու լացելով հայրենիք հետ չենք բերի,- փորձում է հուզմունքը զսպել Անահիտը, որին դռան մոտ սպասում է արդեն նոր հաճախորդ: – հաճախ եմ հիշում մեր անցածն ու ապրածը, բայց դիմացինին ցույց չեմ տալիս հուզմունքս։ Պիտի առաջ գնանք»: 

Սաթենիկ Հայրապետյան 

MediaLab.am