ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը` «Գարեգին Նժդեհ» ֆիլմի հետ կապված շահարկումների մասին

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ` անդրադառնալով Մոսկվայում «Գարեգին Նժդեհ» ֆիմի ցուցադրությանը։ «ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը կապի մեջ է «Ռուսաստանի հայերի միության» և Ռուսաստանում գործող հայկական մյուս կազմակերպությունների, ինչպես նաև` ՌԴ իշխանությունների հետ` կապված հունվարի 28-ին Մոսկվայում «Գարեգին Նժդեհ» ֆիլմի ցուցադրության շուրջ արհեստական կրքերի թեժացման փորձերի հետ:

Դեսպանությունն ուշիուշով հետևում է նաև լրատվամիջոցների հրապարակումներին և իր խոր մտահոգությունն է հայտնում Հայաստանի անկախության մարտիկ Գարեգին Նժդեհի հիշատակի պղծման փորձերի վերաբերյալ, ինչն արվում է որոշ շրջանակների կողմից, որոնք շահագրգրված են հայ-ռուսական հարաբերությունների ստվերմամբ

Անթույլատրելի ենք համարում այս թեմայի շահարկումը և կոչ ենք անում զերծ մնալ կեղծ և իրականությանը չհամապատասխանող ինֆորմացիա տարածելուց»,-ասված է հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ REGNUM լրատվական գործակալությունն օրեր առաջ հայտնել էր, հունվարի 28-ին Մոսկվայում ոստիկանությունը դադարեցրել է Գարեգին Նժդեհի մասին կինոնկարի ցուցադրությունը, որը կազմակերպված է եղել Ռուսաստանի Հայերի միության կողմից։ Գործակալությունը հղում անելով իր աղբյուրներին, նշել էր, որ դիտման վայր են ժամանել ոստիկանները, ովքեր կարդացել են դատախազի որոշումը, համաձայն որի` անթույլատրելի է կինոնկարի դիտման անցկացումը: Ըստ իրավապահների` դա համարվում է նացիզմի ռեաբիլիտացիա, ինչը քրեական հանցագործություն է ըստ ռուսական օրենքների: Դիտման համար հավաքված անձինք հեռացվել են դահլիճից:

m