Ալեն Սիմոնյանը շարունակում է գույք թաքցնել իր հայտարարագրերում․ FIP.am

2019 թվականին այն ժամանակ դեռևս ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կեղծ տվյալներ էր ներկայացրել գույքի և եկամուտների հայտարարագրում։ «Փաստերի ստուգման հարթակը» գրել էր այս մասին, ինչից հետո Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել և կիրառվել վարչական տույժ՝ նախազգուշացում։ 

Սակայն սա չխանգարեց, որ Ալեն Սիմոնյանը շարունակի կեղծ հայտարարագրեր ներկայացնելու պրակտիկան։ «Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, որ ԱԺ նախագահն ու նրա կինը շարունակել են թաքցնել իրենց պատկանող անշարժ գույքի վերաբերյալ տեղեկությունների մի մասը։

Այսպես, 2012 թվականին Ալեն Սիմոնյանի և նրա մոր՝ Մարինե Հովհաննիսյանի խնդրանքով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշել էր նվիրատվության կարգով նրանց թույլ տալ սեփականաշնորհել Աբովյան 62 հասցեի թիվ 6 բնակարանի մի մասը։ Սիմոնյանը մինչև հիմա համարվում է այս անշարժ գույքի համասեփականատերը։

Մինչ օրս Սիմոնյանը ներկայացրել է գույքի և եկամուտների 4 հայտարարագիր։ Եվ չնայած նա դեռևս համարվում է Աբովյան 62 հասցեում գտնվող անշարժ գույքի համասեփականատեր, Սիմոնյանի և ոչ մի հայտարարագրում դրա վերաբերյալ որևէ հիշատակում չկա։ 

2019 թվականի մայիսին Ալեն Սիմոնյանը վաճառել է Եկմալյան 1/1 հասցեում գտնվող բնակարանը։ 2017 թ․-ին ընդամենը 22 մլն դրամով գնված այս բնակարանը Սիմոնյանը երկու տարի անց վաճառել է 125 մլն֊ով։ Երեք ամիս անց Սիմոնյանը նույն շենքում գնել է մեկ այլ՝ ավելի ընդարձակ բնակարան՝ 114 մլն դրամով։ Սիմոնյանն այս գույքը հայտարարագրել է որպես համատեղ սեփականություն, մինչդեռ բնակարանը, կադաստրային փաստաթղթերի համաձայն, պատկանում է միայն իրեն, և որևէ այլ անձ այդ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունք չունի։ 

Սեպտեմբերին Սիմոնյանն իր բնակարանը գրավադրել է «Հայէկոնոմբանկում»՝ 25 մլն դրամով։ Ուշագրավ է, որ անկախ գնահատողն այդ բնակարանը գնահատել է 131․7 մլն դրամ, այնինչ ընդամենը մեկ ամիս առաջ այն գնվել էր 114 մլն֊ով։

Հետաքրքիր զուգադիպությամբ, գրավադրումից մոտ 10 օր առաջ Սիմոնյանի կինը՝ Մարիամ Մարգարյանը, ստեղծում է «Էֆէմէֆ գրուպ» ընկերությունը, որը, ըստ ՊԵԿ-ի, զբաղվում է մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեությամբ։ Թե կոնկրետ ի՞նչ է դա՝ դժվար է ասել, քանի որ բաց աղբյուրներում այս ընկերության վերաբերյալ տվյալներ գրեթե չկան։ 

Ալեն Սիմոնյանի կնոջ՝ Մարիամ Մարգարյանի հայտարարագրերում ևս ամեն ինչ չէ, որ ներկայացված է։ Դրանց ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Մարգարյանը չի ներկայացրել ամուսնու՝ պաշտոնն ստանձնելու օրվա դրությամբ ունեցած գույքի և եկամուտների հայտարարագիրը, թեև հանրային ծառայության մասին օրենքի համաձայն՝ վերջինս պարտավոր էր բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնել իրեն պատկանող գույքի և եկամուտների հայտարարագիրը։ 

Մարգարյանն իր առաջին հայտարարագիրը ներկայացրել է 2018-ի տարեվերջին։

Այդ ժամանակ դեռ գործող օրենքի համաձայն՝ տարեկան հայտարարագրի անշարժ գույքի բաժնում պետք է ներկայացվեր բացառապես տարվա ընթացքում ձեռք բերված և օտարված անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվությունը։ Եվ քանի որ տարվա ընթացքում Մարգարյանն անշարժ գույքի որևէ գործարք չէր իրականացրել, հետևաբար՝ հայտարարագրում ևս ոչինչ ներկայացված չէր։

Ստացվում է, որ Մարգարյանը, ամուսնու՝ պաշտոն ստանձնելու դրությամբ հայտարարագիր չներկայացնելով, ըստ էության, թաքցրել էր իրեն պատկանող անշարժ գույքն ու դրամական միջոցները։

Հաջորդ՝ 2019-ի հայտարարագրում արդեն Մարգարյանը հայտարարագրում է կենտրոնում գտնվող բնակարան։ Եվ չնայած օրենքը պահանջում է, որ հաշվետու տարվա ընթացքում ձեռք բերած և/կամ օտարած անշարժ գույքի վերաբերյալ տեղեկությունը ևս արտացոլվի հայտարարագրում, Մարգարյանի հայտարարագրում այդ տարի որևէ անշարժ գույքի գործարք ներկայացված չէր։ Եվ քանի որ Մարգարյանը որևէ անշարժ գույքի գործարք չէր իրականացրել նաև նախորդ՝ 2018 թվականին, կարող ենք պնդել, որ Մարգարյանն այս բնակարանը ձեռք էր բերել մինչև 2018 թվականը։  

Ի դեպ, 2019-ի հայտարարագրում բնակարանի ձեռքբերման տարեթվի վերաբերյալ տեղեկությունները պաշտպանված էին, ինչը ևս օրենքի խախտում էր, սակայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից նախ հայտնեցին, որ տեղեկության պաշտպանված լինելը օրենքի պահանջ է, այնուհետև, մինչ «Փաստերի ստուգման հարթակը» կադաստրային փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում կպարզեր, որ Մարգարյանն այս բնակարանի սեփականատեր դարձել էր 2014 թվականին, հանձնաժողովը «գաղտնազերծեց» Մարգարյանի բնակարանի գնման տարեթիվը։ 

Այսպիսով փաստենք, որ Ալեն Սիմոնյանն ու իր կինը շարունակում են հայտարարագրերում թաքցնել իրենց գույքի և եկամուտների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը և այն ներկայացնում են հատվածաբար։

Առաջիկայում «Փաստերի ստուգման հարթակը» կհրապարակի մեկ այլ հետաքննություն՝ ԱԺ նախագահի հետ կապված մեկ այլ անշարժ գույքի վերաբերյալ։

Ի դեպ, Ալեն Սիմոնյանի և նրա հետ փոխկապակցված անձանց հայտարարագրերը ստուգելու ընթացքում պարզեցինք, որ մինչ հանրային ծառայության մասին նոր օրենքի կիրարկումը (2020-ի հունվարի 1-ը), բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսինը, ծնողները, համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակները Էթիկայի հանձնաժողովին երբևէ չեն ներկայացրել պաշտոնյայի՝ պաշտոնի ստանձնման օրվա դրությամբ գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագիր, մինչդեռ 2011-ին ընդունված Հանրային ծառայության մասին օրենքը (հոդ․ 32, մաս 4) հստակ սահմանում էր, որ բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսինը, նրա հետ համատեղ ապրող ծնողը, ինչպես նաև համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակը բարձրաստիճան պաշտոնատար անձի համար սահմանված դեպքերում և կարգով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացնում իրենց գույքի և եկամուտների հայտարարագիրը։

Թե ինչով է պայմանավորված փաստը, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ փոխկապակցված անձինք Էթիկայի հանձնաժողով չեն ներկայացրել պաշտոնյայի՝ պաշտոնի ստանձնման օրվա դրությամբ գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագիր, կներկայացնենք լրացուցիչ ուսումնասիրության արդյունքում։

Փաստերի ստուգման հարթակ