«Բաց հասարակություն հիմնադրամներ – Հայաստանի» կողմից վերջին իրադարձությունների վերաբերյալ ներկայացնում ենք ստորեւ։
«Բաց հասարակություն հիմնադրամներ – Հայաստանը խորապես մտահոգված է, որ վերջին շաբաթների ընթացքում Հայաստանի հասարակական ու քաղաքական դիսկուրսի որոշակի մի հատված տարված է մեր և մեր քաղաքացիական հասարակության գործընկերների աշխատանքների վերաբերյալ սուտ մեղադրանքներ տարածելով, որոնք հանգեցրեցին կիրակի գիշերը տեղի ունեցած Նարեկ Մալյանի և Ռեստարտ ուսանողական նախաձեռնության անդամների միջև միջադեպին: Մենք դատապարտում ենք անձի հանդեպ այս և բոլոր տեսակի այլ հարձակումները, ինչպես նաև բոլոր նրանց ովքեր առաջ են տանում կեղծիքը՝ փորձելով պառակտում սերմանել: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին դիմել ողջամիտ ու իրազեկված երկխոսության՝ հաշվի առնելով մեր երկրի համար այս հույժ կարևոր ժամանակահատվածը:
«Բաց հասարակություն հիմնադրամներ – Հայաստանի» դեմ հնչած մեղադրանքները ամբողջովին կեղծ են: Բոլոր տեսակի պնդումները, որ Բաց հասարակություն հիմնադրամներ – Հայաստանը նպատակ ունի վնասել Երևանի պետական համալսարանի հեղինակությանը կամ վարկաբեկել ռեկտոր Արամ Սիմոնյանին, անհեթեթ են, վիրավորական ու սուտ:
Հայաստանը գտնվում է կարևոր շրջադարձային մի փուլում. փոխակերպում դեպի ժողովրդավար ու բաց հասարակություն՝ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների համատարած ոտնահարումների, անհավասարության ու հանրային անվստահության փակ հասարակությունից:
Հեղափոխության սկզբից մենք սատարել ենք սիրո ու համերաշխության վրա խարսխված այս գործընթացը: Մենք կոչ ենք անում նոր Հայաստանին նվիրված բոլոր անձանց աշխատել միասին: Բաց հասարակություն հիմնադրամներ – Հայաստանը աջակցում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և բոլոր այն քաղաքացիներին, որոնք առաջ են տանում կայուն համակարգային բարեփոխումները ի նպաստ երկրի բոլոր քաղաքացիների: Մենք դատապարտում ենք բոլոր նրանց, ովքեր ջանում են պառակտել մեր հասարակությունը վախի ու բռնության քաղաքականությամբ:
«Բաց հասարակություն հիմնադրամներ – Հայաստանը» իր դռները բացել է 1997թ.-ին: Այդ օրվանից ի վեր հիմնադրամը օգնություն է ցուցաբերել քաղաքացիական հասարակության լայն շրջանակներին՝ ներառյալ ընտանեկան բռնության ենթարկված կանանց ապաստարաններին, հետաքննող լրագրողներին ու լրատվամիջոցներին, մարդու իրավունքների պաշտպաններին և ընտրությունների ու պետական եկամուտների մոնիթորինգ անցկացնող կազմակերպություններին: Ավելի քան երկու տասնամյակ մենք գոհունակությամբ օժանդակել ենք նորարարական նախաձեռնություններ կրթության և հանրային առողջապահության ոլորտներում, որոնք ի թիվս այլ ծրագրերի ներառում են նոր մասնագիտացումների ու առարկաների հաստատումը և ավելի քան 6000 գիտական ամսագրերի հասանելիությունը խոշոր պետական բուհերում, ինչպես նաև պալիատիվ խնամքի և անբուժելի հիվանդների ամոքիչ բուժօգնության ներմուծումն ու զարգացումը»: