Տեղի է ունեցել «Միացյալ Հայաստան» կուսակցության խորհրդի ընդլայնված նիստը

Փետրվարի 12-ին «Միացյալ Հայաստան» կուսակցության գրասենյակում տեղի ունեցավ կուսակցության խորհրդի ընդլայնված նիստը։ Այն վարեց կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը։ Նիստի մասնակիցներն ամփոփեցին նախորդ տարվա աշխատանքները, ներկայացրեցին և քննարկեցին առաջիկա անելիքները։

Այդ մասին հայտնում են կուսակցությունից։

Կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանի խոսքով՝ «Միացյալ Հայաստան» կուսակցությունը դեռևս անցյալ տարի անցկացրել է երկու համագումար, ինչպես նաև տարբեր ուղղություններով իրականացրել է մի շարք ծրագրեր և այցելել Սփյուռքի հայաշատ բնակավայրեր։

«Մենք այցելություններ ենք իրականացրել ՌԴ, ֆրանսիա, Շվեյցարիա և, ցավոք, հանդիպումների արդյունքում արձանագրեցինք, որ Սփյուռքնայնքան էլ համախմբված չէ։ Մեր նպատակներից է՝ խիտ հայաբնակ պետություններում ապահովել կուսակցության ներկայացուցչությունը, որը կնպաստի սփյուռքահայության է՛լ ավելի  համախմբմանը, քանի որ ցանկացած իշխանության շահառուն պետք է լինի հայ ժողովուրդը՝ լինի հայրենիքում  թե Սփյուռքում»,- ասաց Երվանդ Թարվերդյանը։

Նրա խոսքով՝ «Միացյալ Հայաստան» կուսակցությունն ընտրությունից ընտրություն ակտիվացող կամ մարդ-կուսակցություն չէ։ Այն ստեղծվել է գաղափարական հենքի վրա։

«Միացյալ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վարդան Խաչատրյանը հավելեց, որ Սփյուռքի հետ սերտ կապեր հաստատելու անհրաժեշտությունը կուսակցության համար դիտարկվել է որպես առաջնային հարց։

«Մենք դիտարկում ենք, որ անհրաժեշտ է Սփյուռքի հետ սերտ հարաբերություններ ունենալ անմիջական հանդիպումներով, այլ ոչ թե հեռակապով։ Մեզ համար կարևոր նշանակություն ունի մեր գլխավոր դաշնակցի՝ Ռուսաստանի հետ աշխատելը»,- ասաց նա։

Նիստի ընթացքում անդրադարձ եղավ նաև Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Երվանդ Թարվերդյանը նշեց, որ երկրում առկա է քաղաքական ճգնաժամ։

«Խորհրդարանական մեծամասնությունը միանձնյա է կայացնում երկրի համար կարևոր որոշումները, ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն անգամ չեն մասնակցում այդ գործընթացներին, էլ ուր մնաց արտախորհրդարանական քաղաքական ուժերը»,- ասաց նա։

Երվանդ Թարվերդյանն ընդգծեց, որ պետությանն առնչվող քաղաքական գործընթացներում պետք է ընդգրկված լինեն բոլոր ուժերը։ Նիստի ընթացքում որոշվեց  մշակել պետության զարգացմանն ուղղված օրենսդրական նախագծեր և ներկայացնել օրենսդիր և գործադիր իշխանություննր:

Նիստի մասնակիցներն ամրագրեցին, որ կուսակցության առաջնային ծրագրերից է նաև երիտասարդական կառուցներ ստեղծելն ու երիտասարդների հետ տարբեր, այդ թվում գիտակրթական ծրագրեր իրականացնելը։