«Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտոր Սուրեն Զոլյանը շարունակելու է զբաղեցնել ռեկտորի պաշտոնը, քանի որ նախարարի որոշումը, նրա համոզմամբ, չունի իրավական հիմքեր:
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Աշոտյանը երեկվանից դադարեցրել է ռեկտոր Սուրեն Զոլյանի լիազորությունները, ինչն առաջ էր բերել հարյուրավոր ուսանողների դժգոհությունը:
«Զոլյան…Ազատ, անկախ Բրյուսով…» վանկարկելով՝ ուսանողները այսօր դասերից հետո շարժվեցին դեպի ՀՀ կրթության և գիտության նախարարություն՝ ասելով որ Աշոտյանը դադարեցնի Ֆեյսբուքում գրառում անելը եւ դրա փոխարեն գա իրենց լսի: Ուսանողները հայտարարեցին, որ ոչ մի քաղաքական ենթատեքստ չունի իրենց շարժումը. իրենք պարզապես ուզում են վերականգնել սիրելի ռեկտորին:
«Մենք չենք ուզում նաեւ, որ մեր բուհը քաղաքականացվի, քանի որ այն այսօրվա դրությամբ միակն է, որտեղ ոչ մի քաղաքական քարոզչություն չի գնում»,- պնդում էին ուսանողները:
Ցուցարարները հրաժարվեցին 10 հոգով հանդիպել Աշոտյանի հետ, դրա համար նախարարը ընդունեց միայն լրագրողներին՝ նշելով որ չի ուզում դուրս գալ և մեկնաբանություններ տալ ուսանողներին, բայց պատրաստ է ընդունել նրանցից մի քանիսին իր ընդունարանում եւ զրուցել հանգիստ միջավայրում:
Աշոտյանը լրագրողներին հայտնեց, որ Զոլյանն արդեն նախկին ռեկտոր է և իրավունք չունի այլեւս ստորագրություն դնել որեւէ փաստաթղթի ներքո:
«Նախարարությունը առաջնորդվել է օրենքով իրեն տված իրավասություններով, ինչքան գիտեմ նկատողությունների մասով ռեկտորը արդեն դիմել է դատարան, կարծում եմ այլ հարցերի պատասխանը նա պետք է ստանա նորից դատարան դիմելով: Չեմ ուզում, որ օրենքերի մեկնաբանման խնդիրը դառնա լրահոսի խնդիր, դա իրավական խնդիր է, որը պետք է լուծվի դատարանում»,- ասաց նախարարը:
Աշոտյանը նորից կրկնեց, որ իր որոշման մեջ չկա քաղաքական ենթատեքստ ու բացառեց ռեկտորի պաշտոնանկ արվելուց հետո համալասրանում ՀՀԿ կուսակցության քարոզչության իրականացումը, քանի որ այդ բուհի ուսխորհրդի նախագահ Հասմիկ Ափյանը ՀՀԿ կուսակցության անդամ է:
«Բուհերի ներսում քարոզչությունը արգելված է, դրա մասին գիտեն բոլորը, ու ոչ մի բուհում չի իրականացվում քարոզչություն ու պետք էլ չէ պղտոր ջրում քաղաքական ձուկ որսալ»,- հորդորեց նախարարը:
Սուրեն Զոլյանը «Մեդիալաբին» հաղորդեց, որ անպայման դատարան է դիմելու եւս երկու գործերով ու շարունակելու է պաշտոնավարել, քանի որ ստացել է իր ուսանողների վստահության քվեն այսօրվա հանրահավաքի միջոցով:
«Բայց ես խնդրել եմ բոլոր ուսանողներին, որ դասերի հաշվին ոչ մի միջոցառում չիրականացնեն, եթե ուզում են բողոքել, ուրեմն թող դա իրականացնեն միայն դասերից հետո»,- ասաց ռեկտորը:
Նա համոզված է, որ հաղթելու է դատարանում, քանի որ իր ներկայացրած իրավական պահանջները, որոնք Աշոտյանը հրաժարվում է մեկնաբանել, հիմնավորված են:
© Medialab.am