Վրաստանի ՆԳՆ-ն վարչական վարույթներ է սկսել առնվազն հինգ ցուցարարի նկատմամբ՝ Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ «Ole, Ola» երգելու համար։ Այս մասին հայտնում է OC Media-ն:
Երգը դարձել է 2024 թվականի նոյեմբերից շարունակվող հակակառավարական և եվրոպամետ ցույցերի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը։ Այն ստեղծվել է ցուցարարների վանկարկումների հիման վրա և պարունակում է վիրավորական արտահայտություններ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հասցեին։ Երգի երաժշտական տարբերակը պատրաստել է վրացի կոմպոզիտոր Ալեքսանդր Կորձայան՝ Kordz-ը։
«Ole, Ola»-ի հետ կապված արդեն նախկինում ևս միջադեպեր են գրանցվել։ 2025 թվականի մարտին երաժիշտ և ակտիվիստ Դավիթ Գաբունիան ծեծի էր ենթարկվել, իսկ նույն տարվա հուլիսին հարձակվել էին երգիչ և դերասան Վանո Տարխնիշվիլիի վրա։ Տարխնիշվիլին հայտարարել էր, որ հարձակումը կապում է հենց այս երգի կատարման հետ։
Հուլիսին հարձակման էր ենթարկվել նաև Kordz-ը։ Երաժիշտը հայտնել էր, որ մինչ այդ շուրջ վեց ամիս սպառնալիքներ էր ստացել։ Նրա խոսքով՝ մի քանի հոգի իրեն հետապնդել են տատիկի տան մոտ, և ինքը կարողացել է փրկվել՝ մտնելով մոտակա խանութ։
Սեպտեմբերին էլ Գորիում չեղարկվել էր Kordz-ի համերգը՝ անվտանգության պատճառաբանությամբ։ Մինչ այդ երաժշտի դեմ քննադատական արշավ էին սկսել իշխանամետ լրատվամիջոցներն ու «Վրացական երազանքի» ներկայացուցիչները՝ կրկին «Ole, Ola»-ի պատճառով։



















