Ստոլտենբերգն առաջարկել է կրկին հանդիպել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի ձևաչափով

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ իրադրության քաղաքական կարգավորման համար դեռ ժամանակ կա: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ռուսաստանի համար ուշ չէ հեռանալ հակամարտությունից ու բռնել խաղաղության ուղին: ՆԱՏՕ-ն գրավոր առաջարկներ է ուղարկել Ռուսաստանին թափանցիկության, ռիսկերի նվազեցման ու սպառազինության նկատմամբ վերահսկողության հարցերով:

Մենք դեռևս պատասխան չենք ստացել, և ես կրկին դիմում եմ Ռուսաստանին՝ առաջարկելով կրկին հանդիպել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի ձևաչափով»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ստոլտենբերգը:

Նա վերահաստատել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չի պատրաստվում փոխզիջումների գնալ առանցքային սկզբունքների հարցում, որոնց թվում է նաև դաշինքին միանալու երկրների իրավունքը: