Սա համարեք առաջարկ, որի շուրջ կարելի է պայմանավորվել. Քոչարյանը ՀՀ նախագահի պաշտոնում թեկնածուի առաջարկ ներկայացրեց

 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ հանրապետության նախագահի պաշտոնի համար Հայ առաքելական եկեղեցու՝ հարգանք վայելող որևէ սրբազան կլիներ լավագույն թեկնածուն այս պահին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանը նման տեսակետ հայտնեց իր ասուլիսում:

Ըստ նրա՝ իշխանությունը նախագահի թեկնածուի համար առաջադրել է մի մարդու, որը Սահմանադրությամբ սահմանված որակներին չի համապատասխանում. Սահմանադրությամբ անաչառ, ազգային շահերով առաջնորդվող մարդու մասին է խոսքը:

«Կարո՞ղ էինք մենք առաջադրել մեկին՝ օգտագործելու համար ամբիոնը. այո, կարող էինք: Բայց ես էլ եմ համոզված, որ պետք չէր դա անել, քանի որ դա բեմադրություն է, և չեմ կարծում, որ մենք պետք է այդ բեմադրության ժամանակ դեկորացիայի դեր խաղանք: Մենք պետք է մտնեինք մի պրոցեսի մեջ, որտեղ հաջողությունը չի երևում, ուղղակի հնարավոր չէ »,-ասաց Քոչարյանը:

Սակայն նա նշեց, որ ունի ուրիշ առաջարկ, որը հանրայնացրեց. «Եթե մենք ուզում ենք իսկապես ունենալ անաչառ և ազգային շահերով առաջնորդվող նախագահ, երբ մեր ազգը բևեռացված է, երբ մարդ է պետք, որը կկարողանա ինչ-որ կամուրջներ փնտրել և փորձել միավորել, մեր ազգային, մեր վտանգված ինքնությունը պահպանել, լավագույն տարբերակն այս պահին Հայ առաքելական եկեղեցու՝ հարգանք վայելող որևէ սրբազանը կլիներ: Հենց այս օրհասական պահին նման թեկնածուն կլիներ լավագույնն իմ համոզմամբ»:

Ըստ Քոչարյանի՝ այդպիսի մարդիկ կան: Նա հորդորեց դա համարել առաջարկ, որի շուրջ կարելի է պայմանավորվել: «Հենց այս օրհասական պահին նման թեկնածուն կլիներ լավագույնն իմ համոզմամբ: Եվ այդպիսի մարդիկ կան՝ և հարգանք վայելող, և իսկապես ազգային շահերով առաջնորդվող: Համարեք սա առաջարկ, և այդ առաջարկի շուրջ, այո, կարելի է պայմանավորվել»,-ասաց Քոչարյանը:

Իսկ թե ինչու ընդդիմությունը չի մասնակցում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին՝ նա ասաց, որ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու խնդիրը եղել է իրենց քաղաքական ուժի նախընտրական ծրագրում: «Մենք առաջինն ենք բարձրաձայնել դրա անհրաժեշտությունը: Բայց երբեք չենք մտածել, որ դա կարող է լինել այս հանձնաժողովի շրջանակներում: Եվ մենք մոտակա օրերին առաջարկ ենք տալու, թե ինչպես ենք մենք տեսնում պատերազմների հանգամանքների ուսումնասիրման հանձնաժողովի ձևաչափը»,-ասաց Քոչարյանը:

Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել հունվարի 23-ին: Իշխանության՝ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանն է, որը ներկայում զբաղեցնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը: