Դավիթ Տոնոյանի եւ մյուս անձանց վերաբերյալ քննվող քրեական գործով դատական նիստի օրը հայտնի է

Դավիթ Տոնոյանի եւ մյուս անձանց վերաբերյալ քննվող քրեական գործով դատական նիստը նշանակվել է 2022 թվականի փետրվարի 28-ին, ժամը 16:00-ին:

Այս մասին հայտարարություն է տարածել Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը, մեկտեղ հայտնելով, որ Վերաքննիչ քրեական դատարանում Դավիթ Տոնոյանին շարունակական կալանքի տակ պահելու մասին որոշման դեմ իրենց կողմից ներկայացված բողոքի քննության օր է նշանակված նույն օրը, ժամը 13:00-ին:

Ըստ հայտարարության՝ Դավիթ Տոնոյանը եւ նրա պաշտպանական խումբը նշանակված դատական նիստի ժամանակ շարունակելու են պահանջել բաց եւ հրապարակային դատավարություն՝ քրեական գործի նյութերում պետական եւ ռազմական գաղտնիք պարունակող տեղեկությունների բացակայության վերաբերյալ նախկինում արված պնդումների հիման վրա:

«Հաշվի առնելով, որ Դավիթ Տոնոյանի և իր փաստաբանների հայտարարությունները արժանանում են ամենատարբեր մեկնաբանությունների, ընդհուպ մինչեւ «գործարք-առաջարկների» վերաբերյալ ենթադրությունների, հայտնում ենք, որ հայտարարություններով ցանկանում ենք բոլորի ուշադրությունը սեւեռել Դ.Տոնոյանի նկատմամբ իրականացվող ապօրինի հետապնդման եւ կալանքի տակ պահելու, գործով օբյեկտիվ իրականությունը պարզելու, ցույց տալու՝ վարույթն իրականացնող մարմնի, ապա նաեւ դատարանի  անգործության եւ խնդրո առարկա զինամթերքի գնման գործարքի իրավաչափության վրա: ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում Դ.Տոնոյանը գործել է բացառապես իր լիազորությունների շրջանակում եւ իրականացրել է միմիայն օրինական գործողություններ»,- նշված է հաղորդագրության մեջ: