Բելառուսի Գոմելի մարզում ավարտվել են Ուկրաինայի և ՌԴ պատվիրակությունների միջև կայացած բանակցությունները, որի վերաբերյալ լրագրողներին մանրամասներ է հայտնել Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը:
«Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակություններն այսօր անցկացրել են բանակցություններ, որոնց հիմնական նպատակն է եղել քննարկել Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին հարցերը: Կողմերը հստակեցրել են մի շարք առաջնահերթ հարցեր, որոնց ուղղությամբ նշմարվել են որոշակի հստակեցումներ: Եվ որպեսզի դրանք ունենան լոգիստիկ իրականացման հնարավորություններ, կողմերը գնում են իրենց մայրաքաղաքներ՝ խորհրդակցելու»,- «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ նշել է Միխայել Պոդոլյակը:
Նա տեղեկացրել է, որ կողմերը քննարկել են մոտ ժամանակահատվածում հաջորդ հանդիպումն անցկացնելու հնարավորությունը, որի ընթացքում վերը նշված հարցերը կոնկրետացվելու են:
Բելառուսի Գոմելի մարզի տարածքում փետրվարի 28-ին մեկնարկել են Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցությունները: Ռուսական կողմը ժամանել էր Բելառուս դեռ փետրվարի 27-ին: Ուկրաինայի պատվիրակությունը ռազմական ուղղաթիռներով ժամանել էր բանակցությունների վայր` դրանք մեկնարկելուց երկու ժամ առաջ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել էր հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին: Նա հայտնել էր, որ Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռազմական դրություն էր հայտարարել երկրի ողջ տարածքում: ԱՄՆ-ն ու եվրոպական մի շաք երկրներ սահմանում են պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ: Վերջինս հանդես է գալիս պատասխան պատժամիջոցներով: