«ՀԱԿ ներկայացուցիչներս ընթացիկ ցավոտ հարցերը քննարկելիս պետք է պահպանենք զսպվածություն». Նիկոլ Փաշինյանը` ձայնագրության մասին

«ՀԱԿ ներկայացուցիչներս ընթացիկ ցավոտ հարցերը քննարկելիս պետք է պահպանենք զսպվածություն». Նիկոլ Փաշինյանը` ձայնագրության մասին
«ՀԱԿ ներկայացուցիչներս ընթացիկ ցավոտ հարցերը քննարկելիս պետք է պահպանենք զսպվածություն». Նիկոլ Փաշինյանը` ձայնագրության մասին

ԻՆչպես եւ սպասվում էր, ԱԺ պատգամավոր, ՀԱԿ առանցքային դեմքերից մեկը` Նիկոլ Փաշինյանը եւս արձագանքել է Զուրաբյան-Օսկանյան հայտնի խոսակցության ձայնագրությանը:
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ:
«ԱԺ պատգամավորներ Վարդան Օսկանյանի եւ Լեւոն Զուրաբյանի խոսակցության՝ համացանցում հայտնված ձայնագրության կապակցությամբ լրագրողների բազմաթիվ հարցումներին ի պատասխան հարկ եմ համարում հայտարարել.

ա) խստորեն դատապարտում եմ երկու պատգամավորների խոսակցության ապօրինի ձայնագրումը եւ տեղադրումը youtube-ում, որը խորհրդային ԿԳԲ-ի գործելակերպի արատավոր դրսեւորում է, ինչը չպետք է տեղ ունենա մեր իրականության մեջ:

բ) ՀՀ իրավապահ մարմինները պարտավոր են անհապաղ քրեական գործ հարուցել ՀՀ Քրեական օրենսգրքի 146 հոդվածի հատկանիշներով՝ ձայնագրությունը իրականացրած եւ youtube-ում տեղադրած անձանց բացահայտելու եւ քրեական պատասխանատվության ենթարկելու համար

գ) մենք՝ Հայ ազգային կոնգրեսի, ընդդիմության ներկայացուցիչներս ընթացիկ ցավոտ հարցերը քննարկելիս պետք է պահպանենք զսպվածություն, տուրք չտալով էմոցիաներին՝ հանրության առաջ մեր ունեցած պարտավորությունները պատվով կատարելու համար

դ) ընթացիկ քաղաքական իրավիճակը թելադրում եւ պահանջում է Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը ՀՀ նախագահի թեկնածու, եւ սերժանտական կործանարար իշխանության հեռացման նպատակ ունեցող բոլոր քաղաքական ուժերի համախմբումը նրա թեկնածության շուրջ»:

Հիշեցնենք, որ ձայնագրությանն արդեն իսկ անդրադարձել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը` գաղտնալսումն որակելով, որպես իշխանությունների կողմից «բացահայտ ստոր մեթոդների» կիրառություն:

© Medialab.am