Ռուսաստանը պարտավոր է խզել Ադրբեջանի հետ զենքի մատակարարման պայմանագրերը. Քոքոբելյան

Ռուսաստանը պարտավոր է խզել Ադրբեջանի հետ զենքի մատակարարման պայմանագրերը. Քոքոբելյան
Ռուսաստանը պարտավոր է խզել Ադրբեջանի հետ զենքի մատակարարման պայմանագրերը. Քոքոբելյան

Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն այսօր ԱԺ նիստի ժամանակ հանդես եկավ ելույթով՝ կոչ անելով ՀՀ իշխանություններին պահանջել Ռուսաստանից խզել ռուս-ադրբեջանական զենք-զինամթերքի մատակարարման պայմանագրերը և դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին: Ստորև ներկայացնում ենք Խաչատուր Քոքոբելյանի ելույթն ամբողջությամբ:

Հարգելի գործընկերներ,

Վերջին մի քանի օրերին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ակնհայտ ռազմական գործողությունները և դրանց ընթացքում հակառակորդի կողմից կիրառված ռուսական արտադրության բացառապես հարձակողական տիպի զինտեխնիկան ցույց տվեցին, որ ՌԴ կողմից Ադրբեջանին պարբերաբար զինամթերքի մատակարարումը ոչ թե բիզնես է, ինչպես իրենք են որակում, այլ ՀՀ և ԼՂՀ անվտանգության սպառնալիք: Պարզ դարձավ, որ զենքի վաճառքով Ռուսաստանը խախտում է տարածաշրջանում ուժերի բալանսը, ինչը խաթարում է ԼՂ կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծելու գործընթացը:

Կոչ եմ անում ՀՀ իշխանություններին, ինչպես նաև քաղաքական ուժերին, ձեռնարկել  անհրաժեշտ քայլեր և պահանջել մեր ռազմավարական գործընկեր, ՀԱՊԿ անդամ, ԵԱՏՄ անդամ և ի վերջո ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր Ռուսաստանից հավատարիմ մնալ ՀԱՊԿ պայմանագրի 1-ին հոդվածին,  ՀՀ-ՌԴ միջև 1997թ. կնքված Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի 3-րդ հոդվածին, ԵԱՀԿ Մինսկի խմբում իր ստանձնած միջազգային պարտավորություններին և խզել Ադրբեջանի հետ ռուս-ադրբեջանական զենք-զինամթերքի մատակարարման պայմանագրերը և դադարեցնել Ադրբեջանին զենքի մատակարարումը: