Մենք ուզում ենք ունենալ ոչ թե ժամանակավոր, այլ սկզբունքային լուծումներ. Ժաննա Անդրեասյան

Մենք ուզում ենք ունենալ ոչ թե ժամանակավոր, այլ սկզբունքային լուծումներ. Ժաննա Անդրեասյան
Մենք ուզում ենք ունենալ ոչ թե ժամանակավոր, այլ սկզբունքային լուծումներ. Ժաննա Անդրեասյան

«Մշակել ենք ընտանիքում բռնության ենթարկված անձանց տրվող աջակցության համալիր ցանց, որի շրջանակում նախատեսվում է ստեղծել առանձնացված կենտրոններ և ապաստարաններ: Սա պետության ևս մեկ պարտավորությունն է: Այս պահին շահառուներին տրամադրվող աջակցության ծրագրերն ու ծառայությունները հիմք կդառնան նոր կենտրոնների համար: Գործընթացը կարգավորելիս՝ մենք ուզում ենք ունենալ ոչ թե ժամանակավոր, այլ սկզբունքային լուծումներ»,- այս մասին  գործընկեր կազմակերպությունների հետ աշխատանքային քննարկման ժամանակ ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Փոխնախարարի մոտ կազմակերպված քննարկումը վերաբերում էր ընտանեկան բռնության ենթարկված անձանց տրամադրվող աջակցության, ծառայությունների, բռնության կանխարգելման հարցերին: Ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին տիկին Անդրեասյանը ներկայացրել է նախարարության տեսլականն ու պատկերացումները՝ ոլորտում առկա խնդիրների լուծման ուղղությամբ:

Նա նշել է, որ խնդիրները շատ են, դրանք պահանջում են և՛ օրենսդրական դաշտի վերանայում, և՛ ենթակառուցվածքների ուսումնասիրություն, և՛ մարդկային ռեսուրսների քարտեզագրում և զարգացում:

Դիմելով գործընկերներին՝ տիկին Անդրեասյանը նշել է, որ հաշվի առնելով ոլորտում ՀԿ-ների ունեցած ակտիվ մասնակցությունը, փորձն ու գիտելիքները, նախարարությունը շնորհակալ կլինի օգնության և աջակցության համար, որպեսզի ոլորտում իրականացվող փոփոխություններն ընթանան ճիշտ ուղղությամբ, իսկ պետական քաղաքականությունը լինի իրատեսական և արդյունավետ:

Հասարակական սեկտորի գործընկերները ևս ներկայացրել են այն խնդիրները, մտահոգություններն ու դիտարկումները, որոնք կուտակել են տարիների պրակտիկ աշխատանքի ընթացքում:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի վերանայման անհրաժեշտությունը,  ընտանեկան բռնության կանխարգելման ռազմավարության և գործողությունների ծրագրի լրամշակումը, ընտանիքում բռնության ենթարկված անձանց ծառայություններ տրամադրող աջակցության կենտրոնների աշխատակիցների համար վերապատրաստման դասընթացների կազմակերպումը:

Գործընկերները պայմանավորվել են ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ տվյալների հավաքագրման կենտրոնացված համակարգի նախագիծ մշակել, լուծել աջակցման կենտրոնների թեժ գծերի հետ կապված խնդիրները, հստակեցնել կենտրոնների և ապաստարանների չափորոշիչները:

Նշենք, որ այս պահին Հայաստանում կա գործող 6 աջակցության կենտրոն՝ 3-ը մարզում, 3-ը՝ Երևանում, որոնք, ի թիվս իրենց հիմնական գործառույթների, իրականացնում են նաև ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցություն և խորհրդատվություն:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։